Թուրքմենիան ուժեղացնում է դիրքերը Ադրբեջանի հետ վեճում

Թուրքմենիան որոշում է կայացրել շարունակել 12418 նախագծի «Մոլնիյա» հրթիռային կատերներով իր ռազմածովային ուժերի համալրումը։ Այս մասին հաղորդում է «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծական կենտրոնը»։ 2008 թվականին Թուրքմենիան մոտ 200մլն. դոլար արժողության պայմանագիր էր ստորագրել «Միջին-Նևյան նավաշինական գրոծարան» ՍՊԸ հետ 2 կատերի արտադրության համար, որոնք արդեն հանձնվել են թուրքմենական նավատորմին. առաջինը այս տարվա հունիսին, երկրորդը` հոկտեմբերին։

2011 թվականի հունիսին Ռուսաստանի «Միացյալ նավաշինական կորպորացիայի» նախագահ Ռոման Տրոցենկոն հայտնել էր, որ կորպորացիան հաղթել է ԱՊՀ երկրներից մեկին 3 «Մոլնիյա» տիպի հրթիռային կատեր վաճառելու մրցույթը, և ենթադրվում է, որ խոսքը գնում է թուրքմենական նոր պատվերի մասին։ Պատվերի կատարման նախնական ժամկետ է նշվում 2013-2014թթ

Թուրքմենստանը բոլորովին վերջերս է սկսել իր ռազմա-ծովային նավատորմը զարգացնել։ Մինչ այդ Թուրքմենական ռազմական նավատորմն ուներ բավականին սահմանափակ հնարավորություններ և, ըստ էության, կարող էր միայն ափամերձ շրջանները վերահսկելու խնդիրներ լուծել, ու պատահական չի, որ Թուրքմենիայի հիմնական ռազմաբազան` Թուրքմենբաշի նավահանգիստը (նախկին Կրասնովոդսկ) գտնվում էր սահմանապահ զորքերի ենթակայության տակ։ Այն իր տրամադրության տակ ուներ «Գռիֆ» տիպի խորհրդային և ուկրաինական արտադրության 5 պարեկային նավեր (1400 և 1400Մ նախագծեր), «Սայգակ» տիպի կատեր (14081 նախագիծ), ԱՄՆ-ից ստացած «Փոինթ» տիպի կատեր, Ուկրաինայից գնված «Կալկան-Մ» տիպի կատեր և «Կորունդ» տիպի ականահան նավ (1252 նախագիծ)։

Իրավիճակը փոխվեց վերջին տարիներին։ 2009 թվականին Թուրքմենիայի ղեկավարությունը որոշում ընդունեց ստեղծել փոքր, սակայն և հարձակողական, և պաշտպանողական մեծ պոտենցիալով, հավասարակշռված նավատորմ։ Թուրքմենիայի նախագահի խոսքերով այդ նպատակները իրականացված կլինեն արդեն 2015 թվականին։ Նախատեսվում է նաև նոր, ժամանակակից ռազմածովային բազայի և Կասպից ծովի թուրքմենական ափին կայանատեղիների կառուցում։

«Մոլնիյա» տիպի կատերների գնումը այս ծրագրի մի մաս է։ Այդ նավերն իրենց հարվածային հնարավորություններով 4 անգամ գերազանցում են իրանական «Սինա» տիպի հրթիռային կատերները, զինած են «Ուրան-Է» համակարգի 16 հականավային հրթիռներով և կարող են մեծ ճշտգրտությամբ խոցել թիրախները մինչև 130 կմ հեռավորության վրա։ Հետագայում կատերները կարող են զինվել նաև ավելի արդիական հրթիռներով, որոնց հեռահարությունը 260կմ է։

Զուգահեռաբար Թուրքմենիան զարգացնում է նաև իր պարեկային նավատորմը։ 2009 թվականի վերջին ձեռք էին բերվել «Սոբոլ» (12200 նախագիծ) տիպի պարեկային նավեր, որոնք իրենց դասի մեջ լավագույններից մեկն են համարվում։

Սեփական ռազմական նավատորմը հզորացնելու Թուրքմենիայի քայլերը, ակնհայտորեն, ինքնանպատակ չեն և նպատակ ունեն պաշտպանել Թուրքմենիայի շահերը Կասպից ծովում։ Մասնավորապես Կասպից ծով ելք ունեցող հինգ պետությունները դեռևս վերջնական համաձայնության չեն եկել ծովային սահմանների շուրջ։ Բացի այդ Թուրքմենիան հայտարարում է, որ իրեն պատկանող նավթագազային «Սերդեր», «Օսման» և «Օմար» հանքավայրերն անօրինական կերպով զավթվել և շահագործվում են Ադրբեջանի կողմից ու այդ հարցով դիմել էր միջազգային դատարան։

12418 նախագծի հրթիռային կատեր

  • Ջրատարողությունը. լրիվ` 510տ, ստանդարտ` 450տ։
  • Հիմնական չափերը. երկարություն` 56.9մ, լայնություն` 10.2մ, նստվածք` 2.4մ։
  • Առավելագույն արագություն. 40 հանգույց։
  • 12 հանգույց արագությամբ նավարկման հեռավորություն. 2300 մղոն։
  • Ինքնավարություն. 10 օր։
  • Շարժիչ. ГГТА М-15Э.1, հզորությունը` 23540կՎտ (32015 ձիաուժ)։
  • Սպառազինություն 4 հականավային հրթիռային չորս «Ուրան-Է» կայան (հրթիռների պաշար` 16 3Մ24Է հականավային հրթիռ, կառավարման համակարգ` 3Ռ-60ՈՒԷ), 1 76մմ ԱՈՒ ԱԿ-176Մ (152 արկ), 2 30-մմ ԱՈՒ ԱԿ-630Մ (4000 արկ), 12 տեղափոխելի հակազենիթային հրթիռային «Իգլա» համակարգ։
  • Անձնակազմ. մոտ 40 մարդ։

One response to “Թուրքմենիան ուժեղացնում է դիրքերը Ադրբեջանի հետ վեճում

  1. Pingback: Կասպից ծովում հերթական ադրբեջանա-թուրքմենական միջադեպն է գրանցվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *