Հանցագործությունների բացահայտման և քննության քրեագիտական ժամանակակից միջոցները թեմայով դասընթաց ՊՆ-ում

Հուլիսի 15-ից 26-ը ՊՆ քննչական ծառայությունում կազմակերպվեցին և անցկացվեցին «Հանցագործությունների բացահայտման և քննության քրեագիտական ժամանակակից միջոցները և մեթոդները» թեմայով դասընթացներ։ Դրանք վարում էր Ռուսաստանից հրավիրված առաջատար փորձագետների խումբը` խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մալիկովի գլխավորությամբ:

ՀՀ ՊՆ

Դասընթացներն անցկացվում էին ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության ծրագրի շրջանակներում։ 

Դասընթացներին մասնակցեցին ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալները, հատկապես կարևորագույն գործերի և կայազորային քննչական բաժինների, վերլուծության, մեթոդիկայի և վերահսկողության բաժնի ու իրավական բարեփոխումների և միջազգային կապերի բաժանմունքի պետերը, քննչական բաժինների քրեագետ-մասնագետները: Դասընթացներն անցան ինչպես տեսական, այնպես էլ գիտա-գործնական պարապմունքների ձևով և ներառեցին այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են հանցագործությունների հետքերի քրեագիտական հետազոտումը, քննչական գործողությունների կատարման տակտիկական հնարքները, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված առանձին հանցագործությունների քննության մեթոդիկան, տեխեկատվական-համակարգչային տեխնոլոգիաները քննիչի աշխատանքում: Առանձնահատուկ հետաքրքրությամբ և ակտիվությամբ անցան  գիտա-գործնական պարապմունքները, որոնք նվիրված էին հանցագործության դեպքի վայրի զննությանը` «համակարգչային գնդաձև լուսահամայնապատկեր» ապահովող տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ:
Կազմակերպվեցին դաշտային ելքեր, արհեստականորեն պատրաստված հանցագործության դեպքի վայրերում «համակարգչային գնդաձև լուսահամայնապատկեր» ապահովող սարքավորման կիրառման միջոցով փորձագետները ներկայացրեցին գործնական աշխատանքներ, պարզաբանեցին դրա տեխնիկական հնարավորությունները և առանձնահատկությունները: Դասընթացներին մասնակցող զինծառայողների անմիջական մասնակցությամբ կազմակերպվեց դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ներկայացվեցին հետքերի, իրերի, թաստաթղթերի և ապացուցողական նշանակություն ունեցող այլ առարկաների հավաքման, փաթեթավորման, տեղափոխման և պահմանման քրեագիտական առանձնահատկություններն ու տեխնիկական միջոցների օգտագործման համապատասխան հնարավորությունները:
Այդ սարքավորումները ձեռք են բերվել  ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2012-2013թ.թ. ընթացքում, դրանք առաջին անգամ են գործածվելու ՀՀ քննչական պրակտիկայում և իրենց տեխնիկական հնարավորություններով թույլ են տալիս ստանալ հանցագործության դեպքի վայրի եռաչափ պատկեր:
Դասընթացների ավարտին մասնակիցները ներկայացված թեմաների վերաբերյալ թեստավորման ձևով հանձնեցին քննություն:
Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա.Սորոկինի և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Մալիկովի կողմից դասընթացների մասնակիցներին տրվեցին համապատասխան հավաստագրեր:
Ուշագրավ է, որ դասընթացների ողջ ընթացքը տեսաձայնագրվել և սղագրվել է և համապատասխան կրիչներով ու գրափաթեթներով կտրամադրվի յուրաքանչյուր քննչական բաժնին` անհրաժեշտության դեպքում ամենօրյա գործունեության ընթացքում օգտագործելու համար:
ՊՆ-ն հավաստիացնում է, որ շարունակելու է համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ այս ոլորտում: Հաջորդ նախագիծը նվիրված է լինելու հնարավորության դեպքում 2014թ. ընթացքում ՀՀ ՊՆ քննչական ծառայության կադրերի որակավորման բարձրացման քրեագիտական կենտրոնի ստեղծմանը, փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *