Ինչի՞ մասին է՝ «Ես եմ» ֆիլմը, որը նվիրված է բանակի 20-ամյակին

Հունվարի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ես եմ» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Հայաստանի երրորդ հանրապետության Հայոց բանակի 20 ամյակին:

Պրեմիերան լեփ-լեցուն դահլիճում էր, ինչից կարելի է ենթադրել, որ հասարակությունը սպասում էր ֆիլմի ցուցադրմանը: Այն նկարահանել են «32 production»-ը և «Գոյակ» մշակութային զարգացման գործարարական ընկերակացությունը:

Քանի որ «Ես եմ»-ը նվիրված է բանակի 20-ամյակին, ապա ակնկալվում էր, որ այն պետք է, եթե չպատմի բանակի ձեռքբերումների, ապա գոնե որոշ չափով տեղեկություն տա բանակի անցած ուղու և ներկայի մասին: Սակայն…

Որքանով որ հասցրեցի նկատել, ֆիլմում անդրադարձ էր կատարվում արտագաղթի, որոշ չափով՝ զորամասում ինքնահստատվելու ու ինքնադրսևորվելու խնդիրներին…, սակայն իրական բանակ, առավել ևս բանակի 20-ամյակ՝ ֆիլմում գտնել չհաջողվեց: Փոխարենը այն հարուստ էր թեթև հումորային դրվագներով: Սակայն «Ես եմ»-ն ուներ մի քանի հետաքրքիր ազդակ-ուղերձ՝

  • «Երևան տանող ճամփեն կմիակողմանի է…»,- ասաց  Հովսեփ պապը (դերակատար՝ Սոս Սարգսյան), ում որդիները պատերազմից հետո հեռացել են հայրենիքից և երբեմն միայն ֆինանսապես են աջակցում իրենց հորը… կամ «Իմ տան ճամփան մնաց սահմանի էն կողմը»,- կրկին նշեց  Հովսեփ պապը՝ ակնարկելով կորսված հայրենիքը:
  • «Սահմանից այս կողմ ես թշնամի չունեմ»,- հավաստիացրեց գլխավոր հերոս Տիգրանը՝ ընդհանուր լեզու գտնելով ու բարեկամանալով զորամասի հին ծառայակիցներից մեկի հետ:
  • «Հայրենիքը սկսվում է սահմանից»,- վստահ են «Ես եմ»-ի սցենարիստները և ֆիլմի հերոսները, որը կարելի է պարզապես հավելել մեր բոլոր իմացածներին, որոնք ասում են, թե որտեղից է սկսվում հայրենիքը:
  • Ֆիլմը չէր շրջանցել նաև զինվոր-գնդապետի աղջիկ սիրո պատմությունը, իսկ թե որքանով էր այդ ամենը հաջողված՝ գերադասում եմ թողնել դիտողների քննարկմանը:

Իսկ ռեժիսորները կփաստեն, որ ֆիլմը չի կարող մի քանի բանի մասին լինել, որպեսզի այն կայանա ու ճանապարհ անցնի, այն պետք է նախ «լավ եփված» և ճիշտ ու գրագետ մատուցված լինի՝ համապատասխանելով իր կոչմանը:

Հ.Գ. Ֆիլմի պրեմիերայից առաջ լրատվամիջոցներում տարատեսակ լուրեր էին պտտվում ՊՆ-ի կողմից նկարահանմանը կլորիկ գումարի հատկացման և Սոս Սարգսյանի՝ ֆիլմը հավանել-չհավանելու մասին: Ես այդ խոսակցությունները թողնում եմ հանգիստ ու միայն նշում, որ վարպետը պրեմիերային չէր մասնակցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *