Այսօր՝ հուլիսի 26-ին, Ադրբեջանի զինված ուժերի Բարդայի կորպուսի զորամասերից մեկում միջադեպ է գրանցվել։
Դասակներից մեկի հրամանատարը, որի մասին որևէ տեղեկություն դեռևս չի հրապարակվում, պատանդ է վերցրել իրենից կոչումով բարձր զինվորականների։
Համաձայն նախնական տեղեկությունների՝ պատճառն այն է, որ բարձրաստիճան զինվորականները հարկադրել են վերոհիշյալ դասակի հրամանատարին իր սեփական նյութական միջոցներով պարբերաբար իրենց համար մթերք գնել մոտակա խանութներից, ինչի պատճառով էլ հրամանատարը մեծ պարտքեր է կուտակել։
Ուստի, հուլիսի 26-ին, երբ մոտակա խանութների սեփականատերերը պահանջել են վերադարձնել պարտքը, դասակի հրամանատարը փորձել է զենքի օգնությամբ ստիպել բարձրաստիճան զինվորականներին գումար տալ։
Ժամեր անց հրամանատարին զինաթափել ու ձերբակալել են։
Ադրբեջանական որոշ կայքեր այնուհանդերձ գրում են, որ հրամանատարը սեփական նախաձեռնությամբ է պարտքով գնումներ կատարել խանութներից՝ իրենից ավելի բարձր պաշտոն ունեցող զինվորականների հավանությանն արժանանալու համար։