Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 21-27

Թուրք-սիրական սահմանին՝ լարված դրություն. փոխհրաձգություններ, զոհեր և վիրավորներ։ Թուրքական կողմը սկսել է ամրացնել պաշտպանական կառույցները Սիրիայի հետ սահմանին, զրահամեքենաներ և զինծառայողներ կուտակել այդ հատվածում։  Ադրբեջանը դեռ չի կարողանում օգտագործել թուրքական հաուբիցները։Թուրքական առաջին տանկի զրահը փորձարկումներ է անցել։ Թուրքիայի ՌԾՈւ-ը ստացել է AKR-72 600 ինքնաթիռի առաջին օրինակը։  Թուրքիայում ցանկանում են մեծ թվով զրահամեքենաներ գնել։ Ավտոպատահարի հետևանքով 12 թուրք զինծառայող է վնասվածք ստացել։ Թուրք հրամանատարի դեմ 10 զինծառայող բողոք է ներկայացրել՝ սեռական ոտնձգության պատճառով։ Թուրքական կործանիչները՝ Իրաքի տարածքում։

Kirpi

Kirpi (Քիրփի) զրահամեքենա

1. Ադրբեջանին տրամադրված թուրքական արտադրության Fırtına Т-155 հաուբիցները և պարեկային կատերները հնարավոր չէ օգտագործել, քանի որ դրանք լուրջ խնդիրներ ունեն շարժիչի հետ։ Այժմ թուրքական կողմը փորձում է նոր շարժիչներ գտնել դրանց համար։

2. Թուրք-սիրիական սահմանին վերջին օրերի լարված դրությունը շարունակվում է։ Արձանագրվել են փոխհրաձգության դեպքեր, կորուստներ կան երկու կողմից էլ։ Հատկապես լարված իրավիճակ է Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփընար և Սիրիայի Ռեսուլայն շրջանների միջև սահմանային հատվածում։ Մասանվորապես, սիրիական կողմում մարտեր են ընթացել քրդական ուժերի (PYD) և սիրիական ապստամբների զինված խմբավորումների միջև («Նուսրայի ճակատ») միջև։ Այս ընթացքում կրակոցներ են եղել նաև Թուրքիայի ուղղությամբ և հակառակը։

Թուրքիան արդեն սկսել է Սիրիայի հետ սահմանի որոշ հատվածներում նոր խրամատներ փորել, ամրացնել պաշտպանական կառույցները, ինչպես նաև զրահամեքենաներ և զինծառայողներ կուտակել։

Այս կապակցությամբ խոհրդակցություն է հրավիրվել նաև Թուրքիայի վարչապետի նստավայրում։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, որը հայտարարել է, թե «պատրաստ է պատասխան տալ Սիրիայի կողմից իրականացվող ցանկացած քայլի և գործողության»։

Բացի այդ, նշվում է, որ Սիրիայի հետ սահմանի մոտակայքում օդ են բարձրացվել F-16 կործանիչներ։

3. Թուրքիան ամրացնում է նաև Իրաքի հետ սահմանը։ Մասնավորապես, Թուրքիան կառուցում է նոր տեխնոլոգիաներով դիտանոցներ, որոնք ունեն պաշտպանվածության ավելի լավ ցուցանիշներ, քան ներկայիս քարից և հողից պատրաստվածները։

4. Թուրքական F-16 կործանիչները թռիչքներ են կատարել Իրաքի օդային տարածքով։ Այս անգամ թուրքական ինքնաթիռները չեն ռմբահարել Հյուսիսային Իրաքի տարածքը և բավարարվել են հետախուզությամբ։

5. Թուրքական արտադրության առաջին հիմնական մարտական տանկը՝ «Ալթայը», շարունակում է փորձարկումները։ Այս անգամ փորձարկվել է «Ռոքեթսան» ընկերության արտադրած զրահը։ Ըստ նախագծի հեղինակների՝ փորձարկումը հաջող է անցել։

6. Թուրքիայի պաշտպանության նախարությունը մտադրություն ունի ձեռք բերել հակաականային MRAP տեսակի 175 միավոր զրահամեքենա։

Բացի այդ, Թուրքիայի ռազմական գերատեսչությունն առանձին հայտարարել է մրցույթ 184 թրթուռավոր և 76 անիվավոր զրահամեքենաների համար։

7. Թուրքիայի ռազմածովային ուժերը հուլիսի 24-ին ստացել է  ATR 72-600 ինքնաթիռը, որը նախատեսված է պարեկային ծառայության և հակասուզանավային-հականավային պաշտպանության համար։ Իտալական Alenia Aermacchi ընկերությունը Թուրքիային կփոխանցի ևս 7 նման ինքնաթիռ։

8. Թուրքական նավատորմում հրամանատարը Սև ծովում ծառայության ժամանակ սեռական ոտնձգություններ է կատարել իր 10 ենթակաների նկատմամբ, ովքեր էլ բողոք են ներկայացրել։ Ավագ սերժանտը կալանավորվել է։

9. Հուլիսի 23-ին Թուրքիայի Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի շրջվելու հետևանքով 12 մարդ է վնասվածք ստացել։

10. Ադրբեջանի Ուսանողների ընդունման պետական հանձնաժողովը հուլիսի 24-ին հայտարարել է, որ ցանկացողները կարող են հայտ ներկայացնել՝ Թուրքիայի ցամաքային ուժերի բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար։

11.  Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը մասնակցել են Ուկրաինայում  հուլիսի 8-20-ը անցկացված «Ծովային զեփյուռ-2013» (Sea Breeze-2013)  միջազգային ծովային զորավարժությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *