Ֆրանսիան ԱՄԷ-ի համար հետախուզական արբանյակներ կստեղծի

Ֆրանսիան երկու հետախուզական արբանյակ է վաճառելու Արաբական միացյալ էմիրություններին (ԱՄԷ)։ Շուրջ 922 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել է ընթացիկ տարվա հուլիսի 22-ին Աբու-Դաբիում՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի այցի շրջանակներում։

Astrium ընկերության արբանյակներից

Astrium ընկերության արբանյակներից

«Հելիոս» տիպի 2 արբանյակները ստեղծվելու են Astrium և Thales Alenia Space ընկերությունների համատեղ ջանքերով։ Դրանք իրենց վերգետնյա կայանների հետ պետք է տրամադրվեն պատվիրատուին 5 տարվա ընթացքում։ Այս ժամանակահատվածում ԱՄԷ-ից ավելի քան 20 մասնագետներ պետք է վերապատրաստում անցնեն Ֆրանսիայում։ Եթե հավելենք նաև ուսուցումը և տեխնիկական սպասարկումը, ապա պայմանագրի արժեքը դառնում է ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար։

Նշենք, որ արբանյակներն ունակ են գրանցելու երկրի մակերևույթին մինչև 0,5 մետր բոլոր թիրախները։ Արբանյակները կարելի է կիրառել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով։ Տիեզերական սարքերը ուղեծիր դուրս կբերվեն «Վեգա» հրթիռի միջոցով ֆրանսիական Կուրու տիեզերական թռիչքների կայանից։

Հավելենք, որ մինչ այս դեպքը Ֆրանսիան նմանատիպ արբանյակները չի վաճառել այլ պետությունների։ Պայմանագիրը կլինի առաջին խոշոր ֆրանսիական ռազմական տեխնիկայի վաճառքի համաձայնագիրը՝ Ֆրանսուա Օլանդի՝ նախագահ ընտրվելուց հետո։

Բացի այդ, ըստ որոշ վերլուծաբանների՝ արբանյակների վաճառքը հնարավոր է դարձնում ֆրանսիական Dassault Aviation ընկերության «Ռաֆայել» կործանիչ-ռմբակոծիչների գնումը ԱՄԷ-ի կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *