Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը ստացել է 2 փորձնական F-35 ինքնաթիռներից մեկը։ Դա նաև սովորական թռիչքի ու վայրէջքի (CTOL) առաջին F-35A ինքնաթիռն է, որը տրամադրվում է F-35 ծրագրի միջազգային համագործակցության շրջանակներում։
Նիդեռլանդները պատվիրել էր այս ինքնաթիռը 2009-ին։ Ընդ որում, մոտ 149 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրի կետերից մեկը ենթադրում էր, որ գնող կողմը, ֆինանսական դրությունից ելնելով, իրավասու է հրաժարվել նշված 2 միավոր ինքնաթիռների ձեռքբերումից, և դրա համար տուգանքը չպետք է գերազանցի 26 մլն դոլարը։ Արտադրող Lockheed Martin ընկերությունը համաձայնել էր այս պայմաններին։
Երբ Ֆորտ-Ուորտում ավարտվել են ինքնաթիռի փորձարկման աշխատանքները, այն պաշտոնապես տրամադրվել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությանը։
Նշենք, որ ըստ որոշ աղբյուրների՝ Նիդեռլանդներում հնարավոր են համարում 85 միավոր նոր F-35-երի գնումը մոտ ապագայում։
Այնուհանդերձ, ներկա դրությամբ F-35-ի ծրագրի կարգավիճակը պարզ չէ։ 2011-ի սկզբին Նիդեռլանդներում իշխող կոալիցիոն խմբավորումը հասել է նրան, որ երկրի ռազմաօդային ուժերի համար նոր մարտական ինքնաթիռների գնումը կհետաձգվի մինչև 2014 թվականը։
Հիշեցնենք, որ 2012-ի օգոստոսին սոցհարցման ընթացքում Նիդեռլանդների բնակչության 3/4-ը դեմ է եղել F-35-երի ձեռքբերմանը՝ հավաստիացնելով, որ ծրագրի իրագործումը բավականին ծախսատար է, իսկ F-35-երով F-16-երի փոխարինումը կերկարաձգվի ու կլինի ոչ այնքան արդյունավետ։ Սոցհարցման տվյալները հրապարակվեցին միայն այն ժամանակ, երբ օգոստոսի 6-ին նիդեռլանդական ՌՕՈւ-ի համար F-35 կործանիչն իր առաջին թռիչքը կատարեց, որը լավ արդյունքներ էր գրանցել։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ թե´ արտադրող Lockheed Martin, թե´ գնող Նիդեռլանդների կառավարությունը որևէ մեկնաբանություններ չարեցին այս հարցի առնչությամբ։
Հավելենք, որ 2013-ի մարտին «Ռոյթերս» գործակալությունը, հղելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Նիդեռլանդներում արդեն որշել են հրաժարվել F-35-երի ձեռբերումից և դրա ծրագիրը ֆինանսավորելուց։ Կառավարող կոալիցիայի երկու կուսակցությունների միջև նույնիսկ տարաձայնություններ էին ծագել 5-րդ սերնդի կործանիչ F-35-երից հրաժարվելու խնդրի պատճառով։