Հպարտությամբ կասենք, որ դիրքերում ենք ծառայել. Ռազմինֆոն հաղորդում է առաջին գծից

Ռազմինֆոն Արցախում է՝ Պաշտպանության բանակի զորամասեր և մարտական դիրքեր այցի շրջանակներում։

Երեկ՝ հուլիսի 25-ին այցելեցինք ՊԲ հարավ-արևելյան զորամասերից մեկը:

զինվորներ, զենք

Զորամասում լրագրողներին ընդունեցին զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գեղամ Գաբրիելյանը, ԱՀՏԱ գծով նրա տեղակալ, փոխգնդապետ Արսեն Աղաբեկյանը, ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության և ՀԿ-ների հետ կապերի բաժնի ավագ սպա Դավիթ Օհանջանյանը և այլ սպաներ:

Ներս մտնելուց մեզ ասացին, որ եզակի զորամասում ենք. այն երկու հերոս հրամանատար է ունեցել: Առաջինը Մոնթե Մելքոնյանն էր, երկրորդը՝ ՊԲ ներկայիս հրամանատար Մովսես Հակոբյանը:

Հետո պատմեցին, թե ինչպես է երկու հրամանատարների ջանքերով պաշտպանական այդ հատվածը դարձել ամենանշանավորներից:

Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչպես է հրամանատարը վերաբերում կանանց ծառայությանը բանակում, Գաբրիելյանը պատասխանեց. «Հայ աղջիկը կամ կինը չպետք է բանակում ծառայի: Բանակում պիտի ծառայեն միայն տղամարդիկ»:

Իսկ փոխգնդապետ Արսեն Աղաբեկյանը հավելեց. «Հայ կանայք թող տղաներ ունենան, որ մեր բանակը հզոր լինի: Նրանք պիտի «ծառայեն» ընտանիքին»:

Dirker (5)

Շարահրապարակում նորակոչիկներն էին, ովքեր շարային և կրակային պատրաստություն էին անցնում:

Զորամասով շրջայցի ժամանակ հնարավորություն ստացանք տեսնել զինվորի առօրյան, զբաղմունքը: Ինչպես նշեց փոխնգնդապետ Գաբրիելյանը, ամսվա այս հատվածում զորավարժություններ չկան և զինվորները հիմնականում ինժեներական և ուսումնական գործերով են զբաղված:

961179_557520137645591_705493159_n copy

Այնուհետև լրագրողները հրամանատարական կազմի ուղեկցությամբ այցելեցին մարտական դիրքերը: Փոխգնդապետ Գաբրիելյանի հավաստմամբ՝ զինվորները սկսում են հերթապահել դիրքերում միայն 5-ամսյա ծառայությունից ու դրան հաջորդող 10-օրյա արձակուրդից հետո:

«Նախկինում այդպես չէր: Արձակուրդ տրվում էր ծառայության 1 տարին լրանալուց հետո: Հիմա երբ զինվորը 5 ամիս ծառայելուց հետո բարձրանում է դիրքեր և մյուս 6 ամսվա ընթացքում գերազանցությամբ հանձնում է կրակային, շարային պատրաստության նորմատիվները, մարտական հերթապահությունը լավ է կատարում, խրախուսվում և նորից արձակուրդ է ստանում», — նշեց հրամանատարը:

Նրա խոսքերով դիրքապահները նախօրոք զգուշացված չէին այցի մասին: Ըստ փոխգնդապետի՝ «դրանք ձևական բաներ են և ինքներս մեզ խաբելու իմաստ չկա»:

մատուռ

Մի քանի մարտական դիրքերում լինելուց հետո պարզ էր` տղաները պահպանում էին անվտանգության կանոնները, գիտեին, թե որտեղ են ծառայում, հանուն ինչի, հանուն ում: Առաջնագծում զինվորներին նույնպես հարցրին, թե ինչպես են վերաբերում աղջիկների ծառայությանը, բոլորը միահամուռ պատասխանեցին` վատ: Իսկ ամենաօրիգինալ պատասխանը մի զինվոր տվեց. «Աղջիկները նուրբ էակներ են»: Բոլորս ժպտացինք:

Առաջնագծում արդեն պատասխանատուն դիրքի հերթապահն էր: Ռազմինֆոյի հետ զրույցում դիրքի հերթապահը նշեց, որ ոչ ոք առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի չի գնում մարտական հերթապահության, իսկ ամենամեծ խնդիրը համարեց կարոտը:

1001364_397975023646169_782187037_n

Զինվորների մեծ մասն ուրախությամբ նշեց, որ ավելի լավ ծառայում են դիրքերում, քան զորամասում: Պատճառաբանությունը հետևյալն էր. «Զորամասում ծանրաբեռնվածությունը շատ է, շատ ենք հոգնում, իսկ դիրքերում, չնայած էլ ավելի մեծ է պատասխանատվությանը, հաճույքով ենք ծառայում: Երբ տուն գնանք, հպարտությամբ կասենք, որ դիրքերում ենք ծառայել: 2 տարի խաղաղություն ենք պահպանել»:

Դիրքերից մեկում զինվորները շուն ու աղավնի են պահում: Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչու, տղաները ասացին. «Շունը հավատարմություն է, որ հանկարծ մի բան լինի, կհաչի: Հասկացող շներ են: Իսկ աղավնին խաղաղություն է»:

Ու այդ պահին բաց թողեցին վանդակում պահվող աղավնիներին:

դիրքեր, աղավնի

Հայ-ադրբեջանական սահմանին օդում ճախրեցին զույգ աղավնիներ: Դրանք հայկական հողը հսկող տղաների պահած ու փայփայած խաղաղության աղավնիներն էին:

Վերադարձանք զորամաս: Այդ պահին նորակոչիկներ բերող ավտոմեքենան մոտեցավ: Տղաները զարմացել էին, երբ մի խումբ լրագրողներ հրամանատարական կազմի հետ առաջ գնացին:

նորակոչիկ

Ռազմինֆոն հետաքրքրվեց, թե ինչպես են տրամադրված, բոլորը պատասխանեցին` մարտական: Բանակում ոոչնչից չեն վախենում, ուզում են սովորել այն ամենը, ինչ կարող են:

Նշենք, որ լրագրողների շրջայցը ՊԲ-ի զորամասեր, այդ թվում, առաջնագիծ, կազմակերպել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ ՊԲ-ի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *