ՀՀ նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր: Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ զինվորը զսպաշապիկ է սահմանից այն կողմ կանգնած մարդկանց համար, որովհետև այնտեղ գիտեն, թե հայոց բանակի զինվորն ինչի է ունակ: Նախագահի խոսքով, հայ զինվորով հպարտանում են ոչ միայն իր ծնողները, այլև բոլորը՝ երեխաներից, երիտասարդներից սկսած մինչև մեծահասակներ: Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորներ նախագահի կողմից ստացել են նվերներ:
Մեր սահմանապահներին ու զինծառայողներին շնորհավորել են նաև Սեյրան Օհանյանը և ԼՂ-ի ՊԲ-ի հրամանատար Մովսես Հակոբյանը:
Սեյրան Օհանյանն իր ուղերձում, մասնավորապես,ասել է.
«…Սիրելի հայրենակիցներ, 2011թվականը նաև դժվարությունների տարի էր: Զինված ուժերում, ցավոք, արձանագրվել են բացթողումներ, սխալներ ու դժբախտ դեպքեր, որոնք երբեմն արժեցել են մարդկային կյանքեր: Մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանքը և առողջությունը շատ թանկ է: Այս պահին իմ կարեկցանքի խոսքերն եմ հղում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված զինվորների ծնողներին. գիտակցում եմ, որ նրանց չի կարող սփոփել մահվան ելքով դեպքերի նվազման որևէ վիճակագրություն: Խոնարհվում եմ հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինվորների հիշատակի առաջ անուն առ անուն: … Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ ուղղում ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին` մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ նրանց ծնողներին` քաջառողջություն ու բարօրություն»:
Նախարարի խոսքն ամբողջությամբ՝ այստեղ:
«Մեր զինված ուժերը մշտապես պատրաստ են իրականացնելու պետական անվտանգության ապահովման պատվավոր առաքելությունը և, միաժամանակ, շնորհավորել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտում նահատակված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ու ողջ հայությանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Թող յուրաքանչյուրիս համար 2012 թվականը լինի համազգային իղձերի և նպատակների իրագործման տարի»,- շնորհավորական ուղերձում ասել է Մովսես Հակոբյանը: Շնորհավորանքն ամբողջությամբ՝ այստեղ:
Շնորհավորանքներին միանում է նաև Razm.info-ն՝ մեր երկրին և զինծառայողներին ցանկանալով խաղաղություն և անամպ երկինք: