Ադրբեջանում 383 եվրո չվճարած զորակոչիկը կարող է հաշմանդամ դառնալ

Հուլիսի 22-ին հայտնի է դարձել, որ 2013-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանից ԶՈւ զորակոչված զինծառայող Միքայըլ Գուլիև Մյուշվիք օղլուն կարող է դառնալ հաշմանդամ։

Միքայըլ Գուլիև Մյուշվիք օղլու

Միքայըլ Գուլիև Մյուշվիք օղլու

Պարզվում է՝ զորակոչի ժամանակ զինկոմիսարիատի բուժզննումը նորակոչիկի մոտ հայտնաբերել է լուրջ խնդիրներ ծնկի հետ՝ նրան նոր զննման ուղարկելով Վնասվածքաբանության ինստիտուտ։ Այստեղ էլ, սակայն, հրաժարվել են օգնել Գուլիևին՝ պահանջելով 383 ամերիկյան դոլար գումար։

Զինվորի ծնողները չեն կարողացել նշված ժամանակատվածում հայթայթել գումարը, և Գուլիևին զորակոչել են՝ որպես «ծառայության ենթակա»։
ԶՈւ ծառայության ընթացքում Գուլիևի առողջական վիճակը սկսել է վատթարանալ, և այժմ նա արդեն իսկ չի կարողանում շարժվել առանց հենակների։ Տեղեկության հավատիությունը ապացուցվում է ադրբեջանական կայքերում տեղադրված տեսանյութով։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդին զորակոչել են հենց այն ժամանակ, երբ Բաքվում ցույցեր են ընթացել՝ ուղղված բանակում ոչ մարտական զոհերի մեծ քանակի և ՊՆ-ի ապօրինությունների դեմ։ Բացի այդ, երիտասարդին զորակոչի ուղարկած զինկոմիսարիատի ղեկավարի տեղակալ Յաշար Իբրահիմովի պաշտոնը օրերս բարձրացրել են։

Հիշեցնենք նաև, որ առողջական լուրջ խնդիրներով երիտասարդների զորակոչը և չզորակոչելու դիմաց անօրինական գումարային պահանջներն Ադրբեջանում հաճախակի դեպք են դարձել։ Չնայած Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայության պետ Արզու Ռահիմովը հունիսի 25-ին հայտարարել էր՝ իբր առողջական խնդիրներով մարդկանց չեն զորակոչում, հոկտեմբերի 15-ին զորակոչված և ընթացիկ տարվա մարտին ոչ մարտական պայմաններում զոհված շարքային Ռաշադ Միրզաևի հայրը բժշկական ախտորոշման տվյալներով ապացուցում է, որ մահացած որդին զորակոչվելու պահին արդեն իսկ ուներ սրտի ու թոքերի սուր անբավարարություն, սակայն նրան չազատեցին ծառայությունից՝ պահանջելով շուրջ 6500 դոլար։

Ադրբեջանական լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացավ հատկապես այն բանից հետո, երբ 29-ամյա Իլհամ Շաֆահաթովը զորակոչվեց՝ ունենալով տասներկումատնյա աղիքի խոց և ողնաշարի ծռում։

Հավելենք, որ մեր ունեցած փաստերը միայն ադրբեջանական լրատվամիջոցների լուսաբանած դեպքերն են։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչի դեպքերն Ադրբեջանում շատ ավելի են։

2 responses to “Ադրբեջանում 383 եվրո չվճարած զորակոչիկը կարող է հաշմանդամ դառնալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *