Իսրայելը 2012-ին շուրջ 7,5 մլրդ դոլարի սպառազինություն է վաճառել

Իսրայելը 2012 թվականին 7,47 մլրդ ամերիկյան դոլարի զենք և զինամթերք է արտահանել։ Նման տվյալներ է հրապարակել Իսրայելի ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման գործակալությունը (SIBAT)։

Իսրայելական սպառազինության շուրջ 50 տոկոսը (3,7 մլրդ դոլարի) վաճառվել է ասիական երկրներին։ Եվրոպական պետությունները գնել են 1,6 մլրդ դոլարի իսրայելական զենք, իսկ ահա Իտալիայի հետ գործարքների արժեքն անցել է 1 մլրդ դոլարը։ ԱՄՆ-ն Իսրայելում ծախսել է 1,2 մլրդ դոլար՝ զենքերի, ռազմական տեխնիկայի մասերի և զինամթերքի համար։

Spice-Rafael

Spice-Rafael

Արտահանված ռազմական տեխնիկայի 25 տոկոսը հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր են եղել։ 24 տոկոսը կազմել են ռադիոտեղորոշիչ կայաններն ու արբանյակների համար նախատեսված մասերը։

SIBAT-ի ղեկավար Շմայա Ավիելիի խոսքերով՝ 2012 թվականի արդյունքը ռեկորդային է Իսրայելի ռազմարդյունաբերության համար։ Համեմատության համար 2011 թվականին իսրայելցիները ծախել են 5,8 մլրդ դոլարի զենք և զինամթերք։

Ըստ իսրայելական Jerusalem Post պարբերականի՝ 2012 թվականին Ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը կազմել է Իսրայելի ամբողջ արդյունաբերական արտադրանքի արտահանման 10 տոկոսը։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ SIBAT-ը նաև չի հաստատել այն տեղեկությունը, թե Իսրայելը 800-900 մլն ամերիկյան դոլար ընդհանուր արժեքով նավատորմի համար նախատեսված հեռահար հրթիռներ է վաճառել Ադրբեջանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *