Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին մտել են Իրաքի օդային տարածք։ Թվով երկու F-16 ինքնաթիռներն անցել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածք, որտեղ էլ հետախուզական թռիչքներ են իրականացրել։
Թուրքական «Սաբահի» փոխանցմամբ՝ կործանիչները հուլիսի 24-ի առավոտյան օդ են բարձրացվել Դիարբեքիրում գտնվող ռազմաբազայից։ Թուրքական F-16-ները շուրջ երկու ժամ պտտվել են Հյուսիսային Իրաքի օդային տարածքում և Թուրքիա վերադարձել։
Ըստ նույն աղբյուրի՝ կործանիչները հետախուզական նշանակության տեղեկություններ են հավաքել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարներում ներկա վիճակի վերաբերյալ։
Նշենք, որ Թուրքիայի օդուժը վերջին տարիներին ոչ միայն հաճախ խախտում է Իրաքի օդային սահմանը, այլ նաև օդային հարվածներ հասցնում PKK-ի ճամբարներին և հենակետերին։ Վերջին շրջանում թուրքական կործանիչներն Իրաքի հյուսիսում սահմանափակվում են միայն հետախուզական թռիչքներ կատարելով. մայիսի 8-ին PKK-ն պաշտոնապես հրադադար էր հայտարարել և սկսել էր լքել Թուրքիայի տարածքը։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 21-27 | Թուրքագիտական պորտալ