Մեծ Բրիտանիայի դեսպանը ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում էր

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը այցելեց ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ:

Դեսպանին ընդունեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:

3

 

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտնական-վերլուծաբաններ, ինչպես նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը: Դոկտոր Քոթանջյանը դեսպանին ներկայացրեց Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջնահերթությունները, ինչպես նաև ինստիտուտի` Պաշտպանական ազգային (հետազոտական) համալսարանի կերպափոխման գործընթացը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը համառոտ ներկայացրեց ասոցիացիայի ծրագրերը` Հայաստանում քաղաքական գիտության զարգացմանն աջակցելու համատեքստում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բրիտանական դեսպանությունը Քեմբրիջի Իշխանի ծննդյան կապակցությամբ հայտարարել է նվերների ընդունման շաբաթի մասին, Հայկ Քոթանջյանը Պաշտպանության նախարարության անունից Քեմբրիջի նորածին իշխանին նվիրեց Հայաստանի էսթետիկական դաստիարակության մանկական կենտրոնի երեխաների կողմից նկարազարդված Մանկական Աստվածաշունչ հետևյալ մակագրությամբ.

«Նորին գերազանցություն Քեմբրիջի Դքսին և Դքսուհուն: Խնդրում եմ ընդունել մեր սրտագին շնորհավորանքները, լավագույն ցանկությունները և այս եզակի Մանկական Աստվածաշունչը Քեմբրիջի արքայազնի ծննդյան կապակցությամբ: Աստվածաշնչի նկարազարդումները կատարվել են Երևանի էսթետիկ կրթության կենտրոնի հայ երեխաների կողմից, կենտրոն, որը տարիներ առաջ հիմնադրվել էր իմ ընկեր և արվեստի հայտնի գործիչ Հենրիկ Իգիթյանի կողմից: Աստվածաշունչն իր մեջ կրում է սիրո և խաղաղության բացառիկ ուղերձ:

Թող այս սուրբ Աստվածաշունչը` պատրաստված տաղանդավոր հայ երեխաների կողմից, երջանիկ և առողջ երկար տարիների կյանք պարգևի նորածին Քեմբրիջի արքայազնին ի փառս Մեծ Բրիտանիայի թագի և բրիտանական ժողովրդի»:

ՀՀ Պաշտպանության նախարարության անունից` գեներալ-մայոր, դոկտոր Հայկ Քոթանջյան, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ:

Այս մասին տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *