ԼՂ-ի Մարտակերտի դիրքերում հերթապահություն իրականացնելիս ադրբեջանցու գնդակից հայ զինվոր է վիրավորվել: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները: Գեներալ Մանվել Գրիգորյանն անդրադարձել է բանակի խնդիրներին: ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը նշել է, որ տարվա ընթացքում ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված է տրվել: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ 2011թ.-ին ԶՈՒ-ը պատվով են կատարել իրենց մարտական խնդիրները:
- Այսօր ադրբեջանական կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Էդիկի Եղիազարյանը: Ըստ լուրերի՝ նա վիրավորվել է բերանի և պարանոցի հատվածից:
- Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն ասել է, որ նախորդ տարիների համեմատ 2011 թ.-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր ոտնձգություններին արձագանքել են համարժեքորեն:
- «Արդիական սպառազինությամբ համալրման, միջազգային ռազմական համագործակցության խորացման, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների շնորհիվ ԶՈՒ մարտունակությունը 2011թ.-ին ավելի է բարձրացել»,- նույն նիստում ասել է նախարար Սեյրան Օհանյանը:
- Անդրադառնալով բանակում գրանցվող միջադեպերին՝ գեներալ Մանվել Գրիգորյանն ասել է, որ պետք չէ մեղադրել միայն բանակի հրամանատարությանը. «Ո՞վ ա գալիս բանակ. էն մարդը, ով դաստիրակություն է ստացել մանկապարտեզում, դպրոցում, իր տանը: Նշանակում է մենք խնդիր ունենք բարեփոխելու հասարակությունը»,- եզրափակել է նա:
Միջազգային լուրերից.
- Հայկական ԶԼՄ-ները՝ հղում անելով արևմտյաններին, գրում են, որ դեկտեմբերի 27-ի դրությամբ Աֆղանստանում նվազագույնը 2840 օտարերկրացի զինծառայողներ և սպաներ են զոհվել: Դեկտեմբերի սկզբից ի վեր՝ օտարերկրացի զոհված զինծառայողների թիվը եղել է 23-ի, իսկ տարվա սկզբից առ այսօր օտարերկրյա զոհվածների ընդհանուր թիվը հասել է 539-ի:
- Արևմուտքից լսվող հայտարարություններն Իրանին ստիպում են խոսել Օրմուզի նեղուցի շրջափակման մասին, որն աշխարհում ծովային ապրանքափոխադրման գործում անփոխարինելի նշանակություն ունի: Ֆրանսիայի ԱԳՆ”ն կոչ է արել Իրանին չփակել Օրմուզի նեղուցը, եթե Իրանի նավթի արտահանման հարցում պատժամիջոցներ սահմանվեն: Նախարարության մամլո քարտուղար Բերնար Վալերոն ասել է, որ Օրմուզի նեղուցը միջազգային տարածք է համարվում և այնտեղով անցնելու իրավունք ունեն բոլոր երկրների նավերը:
- Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները համոզված է, որ Օրմուզի նեղուցի շրջափակման մասին Իրանի հայտարարությունները միջուկային ծրագրից ուշադրությունը շեղելու փորձ են: Անդրադառնալով նեղուցում զորավարժությունների անցկացմանը՝ Թոները նշել է, որ դա յուրաքանչյուր պետության և ԶՈՒ-ի իրավունքն է: