ԱՄՆ գեներալը ներկայացրել է Սիրիայի հակամարտությանը միջամտելու դեպքում հնարավոր ծախսերը

ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին ասել է, որ Վաշինգտոնի անմիջական միջամտությունը Սիրիայի ներքին հակամարտությանը գնահատվում է 1 մլրդ ԱՄՆ դոլար ամսական։

«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն կարող է 5 տարբերակով միջամտել Սիրիայի գործերին, որոնցից քիչ ծախսատար է, ըստ գեներալի, սիրիացի զինյալների ուսուցումը և նրանց զենք-զինամթերք տրամադրումը՝ առանց ԱՄՆ զինվորականների՝ ռազմական գործողություններում անմիջական մասնակցության։ Դրա վրա Միացյալ Նահանգները տարեկան կծախսի շուրջ 500 մլն դոլար։

Սիրիայի զինյալներ

Սիրիայի զինյալներ

Մյուս 4 տարբերակները ենթադրում են ԱՄՆ զորքերի անմիջական մասնակցություն, հակամարտության գոտիներում ԱՄՆ ցամաքային զորքերի, օդուժի կիրառում, ինչը կարող է հանգեցնել երկկողմ լուրջ կորուստների։

Ըստ այդմ, ԱՄՆ-ն կարող է ավիացիոն և հրթիռային կետային հարվածներ հասցնել Սիրիայի կառավարության հենակետերին ու ենթակառուցվածքներին, ստեղծել ոչ թռիչքային գոտի, կազմավորել բուֆերային գոտի, որտեղ զինյալները վարժանքներ կանեն՝ ԱՄՆ զորքերի վերահսկողությամբ, ինչպես նաև «քիմիական զենքի ոչնչացման գործողություններ իրականացնել»։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ գեներալ Դեմփսին իր զեկույցում նշել է, որ շատ կարևոր է Սիրիայում քաղաքական համակարգի պահպանումը, հակառակ դեպքում հակամարտությունը վատ կանդրադառնա անմիջականորեն ԱՄՆ-ի վրա։

Հավելենք, որ գեներալը զեկույցը պատրաստել էր՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի գծով հանձնաժողովի 2 ներկայացուցչի հարցմանը։ Նրանք հրաժարվել էին Դեմփսիին նշանակել ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետերի միացյալ շտաբի ղեկավարի պաշտոնավարման երկրորդ ժամկետում, քանի դեռ վերջինս չի մշակել ԱՄՆ զինված ուժերի պաշտոնավար դիրքորոշումը սիրիական հակամարտության միջամտության հարցում։

Հիշեցնենք, որ ներկայումս ԱՄՆ-ն բավարարվում է միայն Սիրիայի զինյալներին զենք-զինամթերքով ապահովմամբ, հավանական հրթիռային հարվածներից Սիրիայի սահմանների պաշտպանությամբ, իսկ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանցնի այն դեպքում, երբ Ասադի զորքերը կիրառեն քիմիական զենք։

Սիրիայում հակամարտությունը սկսվել է ավելի քան 2 տարի առաջ։ 2011-ի մարտին մեկնարկած հակակառավարական ցույցերը վերաճել են ներքին զինված բախումների։ Մի քանի մլն մարդ հարկադրված հեռացել է Սիրիայից, զոհերի թիվն անցնում է 100 հազարից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *