ԱՄՆ Կոնգրեսը դեմ է Ռուսաստանից ուղղաթիռներ գնելուն

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները կողմ են հանդես եկել ռուսական «Ռուսօբորոնէքսպորտ» ընկերության հետ համագործակցությունը կասեցնելուն։
Խնդիրն այն է, որ այդ որոշման ընդունման դեպքում չի գործի Պենտագոնի և «Ռոսօբորոնէքսպորտի» միջև կնքված պայմանագիրը։

BBC ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳՆ-ն արդեն իսկ անվանել է կոնգրեսականների քայլը «Սիրիայի հարցում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման համար վրեժ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ՊՆ-ն պայմանագիր էր կնքել Աֆղանստանին ռուսական 33 միավոր Մի-17 ուղղաթիռներ տրամադրման վերաբերյալ։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 640 մլն ԱՄՆ դոլար։
Նշենք նաև, որ ռուսական կողմի հետ համագործակցության կասեցման դեմ քվեարկել է 5, կողմ՝ 407 մարդ։

Այս հարցի հետ համատեղ քննարկվել են 2013-ին ԱՄՆ ռազմական բյուջեի խնդիրները։

Այնուհանդերձ, որոշումն ուժի մեջ չի մտնի, մինչ ԱՄՆ Սենատը չհաստատի այն։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ԱՄՆ կոնգրեսականները վերոնշյալ հարցը բարձրացրել են ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ Չինաստանն ու Ռուսաստանը վետո են դրել ՄԱԿ-ում արևմտյան երկրների կողմից առաջ քաշվող Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցների խստացման առաջարկին։

Հարկ է խոսել նաև այն մասին, որ բացի «Ռուսաստանից այսպիսով վրեժ լուծելուց», գոյություն ունի այլ վարկած ևս։ Ռուս վերլուծաբանները ենթադրում են, որ ռուսական ընկերության ծառայություններից հրաժարվելով՝ ԱՄՆ-ն խթանում է իր տեղական արտադրողների, մասնավորապես, հայտնի Sikorsky ընկերության գործունեությանը։ Մի մասն էլ հակված է այն տեսակետին, որ Սենատը չի վավերացնի որոշումը, իսկ ռուսների հետ համագործակցության կասեցման կողմ քվեարկությունն իրականում ճնշման մի ձև էր՝ ուղղված Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության դեմ։

Հավելենք, որ դեռևս 2011-ին Պենտագոնը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ 367,5 մլն դոլարի պայմանագիր է կնքել 21 միավոր Մի-17Վ5 ուղղաթիռներ Աֆղանստանին տրամադրելու վերաբերյալ։ Հուլիսի 18-ին Պենտագոնը հայտարարել է 171 մլն դոլար արժողությամբ նոր պայմանագրի մասին, որը ենթադրում է ևս 10 միավոր այդպիսի ուղղաթիռերի տրամադրում։ Հայտնի է նաև, որ 2012-ի հուլիսի կեսերին ռուսական կողմն ամերիկյան պատվիրատուներին ուղարկել է 21 միավոր ուղղաթիռ։

One response to “ԱՄՆ Կոնգրեսը դեմ է Ռուսաստանից ուղղաթիռներ գնելուն

Մեկնաբանել ValodՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *