Հունիսի 17-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնական այցով Վրաստանում էր։
Ըստ պաշտոնական լուրերի՝ այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերի վերաբերյալ քննարկումներ են եղել։
Ռազմինֆոյի հետ զրույցում Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով այցը, նշեց, որ այն կրել է կոնսուլտատիվ բնույթ։
«Կարևորագույն փաստաթղթեր չեն կնքվել։ Քննարկվել են տարածաշրջանի որոշակի խնդիրներ, անվտանգության հարցեր։ Մենք միշտ էլ նորմալ հարաբերություններ ենք հաստատում մեր հարևանների հետ»,- մեկնաբանեց քարտուղարը։
Նշենք, որ սա պատասխան այց էր։ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պաշտոնական այցով Հայաստանում էր 2013 թվականի մարտի 7-ին։
Նախորդ հանդիպման ժամանակ քննարկվել էին երկու երկրների միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր. անդրադարձ էր կատարվել ռազմական կրթությանը, պաշտպանական ոլորտի բարեփոխումներին։