Թուրքիան սկսել է Իրաքի հետ սահմանին նոր դիտանոցներ կառուցել, որոնք, ըստ թուրքական կողմի, ունեն զգալի ուժեղացված պաշտպանություն և ստեղծված են հատուկ տեխնոլոգիաներով։
Մասնավորապես, նոր դիտանոցներն արագորեն կառուցվում են Թուրքիայի Չուքուրջա շրջանում, որը սահմանակից է Իրաքին։
Թուրքերը քանդում են քարից և հողից կառուցված հին դիտակետերը՝ դրանց փոխարեն կառուցելով նորերը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը։ Թուրքիայի զինված ուժերը, սակայն, հրաժարվել են տեղեկացնել, թե քանի նոր դիտանոց է կառուցվել։
Հետաքրքիր է, որ նոր դիտանոցների շինարարությունը սկսվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)՝ զինադադարի և Թուրքիայի տարածքից դուրսբերման գործընթացի հետ։ PKK-ի անդամները Թուրքիան լքում են և հիմնականում անցնում են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածք։
Տարիներ շարունակ PKK-ի հիմնական հենակետը հենց Իրաքն էր, որտեղից էլ քրդերն անցնում էին Թուրքիայի տարածք՝ զինված պայքար մղելու թուրքական բանակի դեմ։
Նշենք նաև, որ Թուրքիան վերջին տարիներին մշտապես խախտում է Իրաքի օդային տարածքն ու ավիահարվածներ հասցնում այդ երկրի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերին։