Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել գիտաարտադրական «Իզմաշ» միավորման հետ՝ «Վիխր-1» հակատանկային կառավարվող հրթիռների գնման վերաբերյալ։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 մլն ԱՄՆ դոլար։ Զինամթերքի տրամադրման գործընթացը պետք է ավարտվի 2015-ին։ Պայմանագիրը կնքվել է նախապես հայտարարված մրցույթի արդյունքների հիման վրա։
«Իզմաշ»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Բուրիգինի խոսքերով՝ ՌԴ ՊՆ-ի հետ վերոհիշյալ պայմանագիրն ամենախոշորն է իրենց ձեռնարկության համար վերջին տարիների կտրվածքով։
Հավելենք, որ հակատանկային «Վիխր» համալիրներով զինում են հիմնականում Սու-25 գրոհային ինքնաթիռները, ինչպես նաև Կա-52 հարվածային ուղղաթիռները, կատերներն ու պարեկային նավերը։ Համալիրի հրթիռն ունակ է խոցել մինչև 10 կմ-ի վրա զրահապատ թիրախներ։ Զինամթերքի երկարությունը կազմում է 2,75 մ, տրամաչափը՝ 0,24 մ։