Հուլիսի 21-ին Սինայի թերակղզում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 11-ը:
Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ահաբեկչությունների պատճառով զոհվել է 2 քաղաքացիական անձ, զինված ուժերի 2 սպա և ոստիկանության 2 աշխատակից, տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում կատարելով տեղացի բժիշկներից ճշտված տվյալներին։:
Սինայի թերակղզում իրագործվել է ավելի քան 10 ահաբեկչություն: Դրանց մեծ մասը տեղի է ունեցել Ռաֆահ և Ալ Արիշ քաղաքներում։
Ահաբեկիչների հիմնական թիրախները եղել են բանակի հսկիչ անցակետերն ու ոստիկանական բաժանմունքները: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Համաձայն «Ռոյթերսի»՝ մեկ օրվա ընթացքում կատարված ահաբեկչությունների ու դրանց զոհերի թվով այդ օրվա դեպքերը ռեկորդային են՝ սկսած Մուհամմեդ Մուրսիի գահընկեցության օրվանից։
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 17-ին 32-ամյա եգիպտացի զինվոր Մահմուդ Հանաֆիի վրա կրակ էին բացել ու սպանել անհայտ անձինք ահաբեկիչների թիրախ համարվող Ալ-Արիշում ոստիկանական բաժանմունքի մոտ։
Իսլամիստների խմբավորումները, որոնք տեղակայված են Սինայի թերակղզու` Իսրայելի և Գազայի հատվածին սահմանակցող հյուսիսային հատվածներում, վերջին երկու տարիներին առավել հաճախ են հարձակումներ գործում ոստիկանների և եգիպտական բանակի զինվորների վրա:
Բռնությունների նոր ալիք բարձրացավ 2011-ին նախագահ Հոսնի Մուբարաքի գահընկեց լինելուց հետո։ Գրոհայինները մի քանի անգամ պայթեցրել էին դեպի Իսրայել ու Հորդանան տանող գազամուղը, գնդակոծել էին սահմանային իսրայելական Էյլաթ քաղաքը, նաև պատանդ էին վերցրել բազմաթիվ զբոսաշրջիկների։
Հավելենք, որ 2013-ի հուլիսի 4-ից սկսած՝ Եգիպտոսի ռազմական օբյեկտների վրա հարձակումներ են լինում ամեն օր, օրական զոհվում է միջինը 13 մարդ, իսկ զոհված ոստիկանների թիվը 10 է: