Եգիպտոսում զինծառայողներ տեղափոխող ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 16 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ էլ վնասվածք է ստացել։
Դեպքն արձանագրվել է հուլիսի 21-ին Կահիրեից Ալեքսանդրիա տանող մայրուղու Բեհեյրայի հատվածում։
Բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 15 զինծառայող և ավտոբուսի վարորդը։ Քառասունից ավել մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել, տեղեկացնում են եգիպտական աղբյուրները։
Նշվում է, որ ավտովթարից տուժած զինծառայողները, ովքեր ծառայում էին Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում տեղակայցած զորամասերից մեկում, արձակում էին ստացել՝ կապված մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա հետ և գնում էին այն նշելու ընտանիքների հետ։
Նշենք, որ Եգիպտոսում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը բավական բարձր է։ Ամեն տարի այս երկրում շուրջ 12 հազար մարդ է մահանում ՃՏՊ-ների հետևանքով։