Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է ЕС-645Т2 հարվածային ուղղաթիռի ներկայացման արարողությունը։ Այդպիսով, Ղազախստանը դարձավ Գերմանիայից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից հետո չորրորդ պետությունը, որտեղ նման արարողություն է անցկացվել։
Ինչպես հաղորդում է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը, Eurocopter Kazakhstan Engineering ընկերության կոմերցիոն տնօրեն Քարիբայ Աբլեզովը հայտարարել է, որ ЕС-645Т2 ուղղաթիռների սերիական արտադրությունը դեռևս սկսված չէ, բայց արդեն պարզ է, որ դրանց անհրաժեշտ սարքավորումներն արտադրվելու են Ֆրանսիայում և Գերմանիայում, իսկ Աստանայում միայն վերջնական հավաքման աշխատանքներն են իրականացվելու։
Առաջին ուղղաթիռն Աստանային տրամադրվելու է 2014-ին։
Հիշեցնենք, որ Eurocopter Kazakhstan Engineering ընկերությունը ստեղծվել է 2010-ին՝ Ֆրանսիայի ու Ղազախստանի կառավարությունների համատեղ ջանքերով։ Ուղղաթիռների հավաքման գործարանը տեղակայված է Աստանայի միջազգային օդանավակայանին կից։
Ըստ մասնագետների՝ եթե այն գործի ամբողջ ներուժով, ապա ունակ է ամեն տարի թողարկել մինչև 12 ուղղաթիռ։ Գործարանի բացման պաշտոնական արարողությունը կայացել է 2012-ի հունիսի 29-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությամբ։