Թուրքիայում կրկին պնդում են, թե Սիրիայի կողմից կրակոցներ են հնչել։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 21-ին տեղի ժամանակով 02։25-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 03։25) թուրքական բանակի «Օղուլփընար» հենակետի ուղղությամբ սիրիական տարածքից կրակ են արձակել։
Մասնավորապես, ըստ Թուրքիայի ԳՇՊ-ի, 10-15 կրակոց է արձակվել հենակետի ենթակայության տակ գտնվող զրահափոխադրիչի ուղղությամբ։ Թուրքական կողմը պատասխան կրակ է արձակել։
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե քանի հոգի է կրակ արձակել, ինչ զինատեսակով և որ խմբավորմանն են նրանք պատկանել։
Նշենք, որ վերջին օրերին թուրք-սիրիական սահմանին հաճախացել են փոխհրաձգությունների դեպքերը։ Վիճակը հատկապես լարված էր Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանի և Սիրիայի Ռեսուլայն շրջանի միջև սահմանային հատվածում։