Ըստ 2004-ի ԱՄՆ-ի և Կանադայի միջև պայմանագրի՝ ամերիկյան Sikorsky («Սիկորսկի») ընկերությունը պետք է տրամադրեր Կանադային բազմաթիրախային S-92 Cyclone ուղղաթիռներ։ Սակայն այսօր՝ հուլիսի 22-ին, հայտնի է դարձել, որ կանադական կողմը հրաժարվում է ընդունել դրանք։
Համաձայն Defense News պարբերականի տվյալների՝ պատճառն այն է, որ ուղղաթիռները չեն համապատասխանում կանադական ՌՕՈւ պահանջներին։ Ամերիկյան ընկերությանը տրվել է 4 տարի՝ ուղղաթիռները համապատասխանեցնելու Կանադայի պահանջներին և տրամադրելու դրանք կանադական կողմին։
Ըստ նույն աղբյուրի՝ կանադական իշխանությունները վարձել են հատուկ խորհրդատուներ, որոնք ուղղաթիռների տրամադրումից հետո պետք է որոշեն՝ որքանով են կատարվել պահանջները։
Նշենք, որ կանադական կողմը հրաժարվել է հենց S-92 Sikorsky ուղղաթիռներից, որոնք «միջանկյալ տիպ» են համարվում։ Կանադան պնդում է, որ իրեն տրամադրվելիք Cyclone ուղղաթիռները պետք է ստանան CH-148 կարգ, պետք է ստեղծվեն հականավային S-92-ի հիմքի վրա՝ ի համեմատ վերջինիս ստանալով հաշվարկի առավել կատարելագործված համակարգ, կապի ու թռիչքի կառավարման ավելի արդի միջոցներ, ինչպես նաև առավել հզոր շարժիչ։
Հիշեցնենք, որ CH-148-ի առաջին թռիչքը կայացել է 2008-ի նոյեմբերին։ Ուղղաթիռն ունակ է բացել մինչև 360 կմ/ժ արագություն, անձնակազմը 4 հոգի է՝ 2 օդաչու, 1-ը՝ հականավային սարքավորման և ՌԷՊ-ի կառավարող, մյուսն էլ՝ մարտական կառավարման սպա։