Զինվորի աչքը վնասած ենթասպայի մեղադրանքը, հավանաբար, կկոշտացվի: Ադրբեջանի ՊՆ զինվորական օդանավակայանում կանոնների խախտման հետևանքով Վրաստանի քաղաքացի է մահացել: Քաղաքագետը չի բացառում ապրիլից հետո արցախյան պատերազմի բռնկումը:
- «Շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը վնասած ենթասպայի նկատմամբ առաջադրված մեղադրանքը՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո կարող է խստացվել»,- ասել է ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը:
- Ադրբեջանի ՊՆ զինվորական օդանավակայանում՝ Վրաստանի քաղաքացի Յուրի Կուլաչկովը, ով գործուղվել էր այդ զորամաս, անզգուշությամբ ընկել է ինքնաթիռի աշխատող շարժիչի տուրբինի մեջ և մահացել: Նա ուսումնական չվերթի էր պատրաստում ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռը:
- Անդրադառնալով վերանոշյալ դեպքին՝ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանական ՌՕՈւ-երը, չնայած իրենց ահռելի ծախսերին, դեռ շատ հեռու են մարտունակ և բարձրակարգ հանդիսանալուց:
- Իսկ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն արձագանքել է ադրբեջանցի իր պաշտոնակցի հայտարարությանը, թե « ադրբեջանական բանակը պատրաստ է անհրաժեշտության դեպքում «օկուպացված տարածքները «մաքրել» հայ ագրեսորներից»՝ ասելով. «Մեր խնդիրը հայրենիքը պաշտպանելն է, այլ ոչ թե դատարկ քարոզչությամբ սեփական հանրությանը կերակրելը: Արցախի բանակի հրամանատարությունն ասել է ու ասում է՝ պատերազմը ոչ թե քարոզչություն, այլ ժամանակակից ռազմավարական և մարտավարական գործողություններ իրականացնելու լուրջ համալիր է, որի վերջնական արդյունքը երևում է մարտադաշտում»,- հավաստիացրել է Հասրաթյանը:
- Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն անհանգստություն է հայտնել, որ Բաքվի անընդմեջ զինումը կարող է Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծել, սակայն մինչ ապրիլ նման հավանականություն չկա:
Տարածաշրջանային լուրերից.
Ադրբեջանը մերժել է ՆԱՏՕ-ի խնդրանքը: Սիրիայում ոչնչացրել են թուրքական սահմանից ներխուժած զինյալներին: «Բուլավա» ռազմածովային ուժերի ժամանակակից համալիրի փորձարկումներն ավարտվել են:
- Ադրբեջանը չի թույլատրել ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկողության համակարգերով AWACS հետախուզական ինքնաթիռներին իր տարածքով թռչել Եվրոպայից Աֆղանստան: Նման խնդրանքով ՆԱՏՕ-ն դիմել էր Ադրբեջանին և Վրաստանին: Ադրբեջանը մերժումը պայմանավորել է ինքնաթիռների՝ ռազմահետախուզական լինելով: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Վրաստանը թույլատրել է թռիչքը:
- Սիրիայի սահմանապահները մի քանի զինված ահաբեկչական խմբավորման զինյալ են ոչնչացրել, որոնք փորձում էին անցնել թուրք-սիրիական սահմանը:«Սիրիայի հատուկ նշանակության ջոկատայինները սպանել և վիրավորել են մի քանի զինյալ ապստամբների, խլել են զենք-զինամթերքը, համազգեստները, կապի սարքավորումները և ինքնության կեղծ փաստաթղթերը»,-նշվում է միջադեպի մասին Սիրիայի պետական SANA գործակալության հաղորդման մեջ:
- Ծովային ռազմավարական միջուկային «Բուլավա» ուժերի ժամանակակից համալիրի փորձարկումներն ավարտվել են և դրանք կներառվեն սպառազինությունում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Բուլավա» հրթիռը հետագայում պետք է դառնա Ռուսաստանի ծովային ռազմավարական միջուկային ուժերի հիմքը, այդ հրթիռի համար արդեն նոր սուզանավակներ են հատկացվել:
Pingback: Վրաստանն Ադրբեջանին 15 Սու-25 գրոհիչ և դրանց վերանորոգման տեխնոլոգիաներ է վաճառել | Ռազմ.info