ԱՄՆ կոնգրեսը Իսրայելին լրացուցիչ 235 միլիոն դոլար է տրամադրել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման համար։ Իսրայելը դեռ 90-ականներից մշակում է հակահրթիռային պաշտպանության նոր, չորս մակարդականոց համակարգ։
Նոր համակարգի բաղադրիչներից երկուսն արդեն պատրաստ են.
«Arrow» (կամ «Խեց-2») հակահրթիռային համակարգը մարտական հերթապահության էր կանգնել դեռ 2000 թվականին։ Այն նախատեսված է տակտիկական օպերատիվ-տակտիկական հրթիռների ոչնչացման համար։ Մասնավորապես ենթադրվում է, որ այդ համակարգերն ի վիճակի կլինեն ոչնչացնել Իսրայելի վրա արձակված սիրիական և իրանական հրթիռները։
2010 թվականից մարտական հերթապահություն իրականացնող «Iron Dome» համակարգը նախատեսված է չկառավարվող հրթիռներ ոչնչացնելու համար։ Այս համակարգն առաջին հերթին ստեղծվել է պաղեստինցիների հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար և այս տարվա ընթացքում հաջողությամբ փորձարկվեց մարտական պայմաններում. ապրիլին «Iron Dome»-ը կարողացավ ոչնչացնել Իսրայելի ուղղությամբ արձակված 41 հրթիռներից 9-ը (1 զոհ և 1 վիրավոր), օգոստոսին` 144 հրթիռներից 20-ը (1 զոհ, 24 վիրավոր), իսկ սեպտեմբերին` 64-ից 4-ը (1 զոհ, 5 վիրավոր)։ Ընդ որում համակարգն արձագանքում էր միայն այն հրթիռներին, որոնք ընկնելու էին բնակավայրերի վրա, իսկ պաղեստինցիների արձակած հրթիռների մոտ 25 տոկոսն է, որ հասնում է բնակավայերին։
Մյուս երկու բաղադրիչները` «Խեց-3» և «Կելա Դավիդ» դեռ նախագծման ու տեստավորման փուլում են և Կոնգրեսի տրամադրած միջոցներն ուղղվելու են հենց այդ բաղադրիչների ստեղծմանը։
- Iron Dome
- Arrow-2