Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության մասնակցությամբ:
Քննարկված հարցերի շարքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանակի պարենային և իրային ապահովման, կոմունալ շինարարության հիմնախնդիրներին:
Սահակյանն իր խոսքում կարևորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր որակ հաղորդելու և երկարաժամկետ ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը լուրջ խթան կհանդիսանա ամբողջ Արցախի տնտեսական զարգացման և ներուժի արդյունավետ օգտագործման համար: