Ադրբեջանում զինծառայողների ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա զոհ (թարմացված)

Ադրբեջանի պետական ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ այսօր՝ հուլիսի 19-ին, Ադրբեջանի հանրապետության Շամխոր-Գետաբեկ մայրուղու 4-րդ կիլոմետրին ավտովթարի է ենթարկվել զինծառայողներին փոխադրող ավտոբուսը։

Ըստ նախնական տվյալների՝ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը բախվել է «Toyota Land Cruiser» ավտոմեքենային։ Ավտոբուսը շրջվել է։

Լուսանկար՝ վթարի վայրից

Լուսանկար՝ վթարի վայրից

Վթարի պատճառով ավտոբուսի ուղևորներից մեկը՝ զինծառայողը, տեղում մահացել է։ Վիրավորվել է 4-5 զինվոր։ Տուժածներին տեղափոխել են Շամխորի հոսպիտալ։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

17։20-ի սահմաններում հայտնի է դարձել մահացածի անունը՝ ՊՆ զորամասերից մեկի կապիտան Էլհան Զուլֆուհար օղլու Ալիև։

Բացի այդ, Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել։ Ըստ դրա՝ ավտոբուսը շրջվել է և ընկել ձորը։ Ընդհանուր տուժածների թիվը 7 է։

17։50-ի սահմաններում հայտնի է դարձել, որ պատահարը եղել է Յասամալի ոլորաններից մեկում։ «Toyota Land Cruiser»-ի ղեկին եղել է Ջանբուլաթ Զահիր օղլու Էմրահովը, իսկ ՊԱԶ-ի ղեկին՝ ԱՀ ՊՆ ավագ ենթասպա Զյուլֆյուհար Էլհան օղլու Շիրալիևը (ծնվ. 1976 թ.)։

Ինչպես հայտնում են Շամխորի շրջանի կենտրոնական հիվանդանոցից, ծանր վնասվածքներ են ստացել մայոր Իրշադ Սալման օղլու Աբբասովը (ծնվ. 1978 թ.) և Միդհեթ Թելեթ օղլու Ասադովը (ծնվ. 1972 թ.)։

Հավելենք, որ ավտովթարի պատճառով տուժած 2 այլ անձինք և ավտոբուսի վարորդը տեղափոխվել են Գանձակ քաղաքի զինհոսպիտալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *