Մենք դժգոհ ենք Կառավարության որոշումից. Վոլոդյա Ավետիսյան

«Մենք դժգոհ ենք Կառավարության որոշումից, իրենց աշխատանքից, դրա համար էլ այսօր երոկոյան նորից հավաքվում ենք Ազատության հրապարակում»։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը։

Վոլոդյա Ավետիսյան

Վոլոդյա Ավետիսյան

Ըստ Ավետիսյանի՝ իրենց պահանջներից ոչ մեկը չի կատարվել։ «Այնպես չի, որ գործ չի արվել։ Զգացվում է, որ մեր խնդիրը մտահոգում է իրենց։ Բայց մենք չենք կարող սպասել. պահանջում ենք, որ կենսաթոշակները կրկնապատկվեն, քանի որ ամեն ինչ թանկացել է։ Մենք էլ ենք ուզում ապրել»,-նշեց ազատամարտիկը։

Ըստ նրա՝ ֆինանսական միջոցների ավելացում չի լինի այս տարի, բայց ահա կստեղծվի նոր հանձնաժողով, որը մինչև տարվա վերջ կստուգի և կվերահաշվառի Արցախյան պատերազմին իսկապես մասնակցած ազատամարտիկներին։

Նշենք, որ հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության ու ՀՀ ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից:

Հանձնաժողովի խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը:

Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ այսօրվա հավաքի ժամանակ դարձյալ կոչ են անելու բոլոր ազատամարտիկներին, որ պայքարեն իրենց իրավունքների համար։ «Բացի այդ հավաքվածներին տեղեկացնելու ենք, թե ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը»,- նշեց Ավետիսյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *