Կառավարությունը համաձայնություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին առաջարկություններին

Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:

Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

10555_am_1

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը։

Կառավարությունը համապատասխան համաձայնությունները տվել է հուլիսի 18-ին կայացած նիստի ընթացքում։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության սկզբնավորման և իրավական հիմք է հանդիսացել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին»  համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ 2005թ. մարտի 21-ի թիվ Ն-182-3 որոշմամբ:  Համաձայնագրով նախատեսված է, որ դրա դրույթների իրականացման նպատակով կողմերը ստեղծում են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողով, որը յուրաքանչյուր կողմից կներառի ոչ ավել, քան հինգ անդամ:

Հանձնաժողովի նիստերը նախատեսվում է գումարել տարեկան սկզբունքով, ռոտացիոն կարգով կամ Հայաստանի Հանրապետությունում, կամ՝ Լեհաստանի Հանրապետությունում: Հանձնաժողովն ընդունող Կողմը կնախագահի նիստը և կիրականացնի նիստի կազմակերպման հետ կապված միջոցառումները: Համաձայնագիրը նախատեսվում է կնքել 5 տարի ժամանակահատվածով, որի գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարացվի 5-ական տարի ժամանակահատվածներով, եթե կողմերից մեկը նշված 5-ամյա ժամանակահատվածն ավարտվելուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր ձևով ծանուցի մյուս կողմին այն լուծելու իր մտադրության մասին, նշված է Կառավարության տրամադրած տեղեկագրում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *