ՀՀ Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի, իսկ հիվանդ զինվորը բանակ չի զորակոչվում: Բանակի սպան կայանալու խնդիր ունի, սակայն դա չի խանգարում, որ Հայաստանի բանակը տարածաշրջանի ամենալուրջ ռազմական ուժը լինի. հավաստիացնում են փորձագետները:
- ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արամ Տեր-Սահակյանն ազատվել է ՀՀ ՌՈ պետի պաշտոնից. այդ պաշտոնին է նշանակվել գնդապետ Արմեն Սահակյանը՝ կնքելով 5 տարի ժամկետով պայմանագիր:
- «Հիվանդ զինվորը բանակ չի զորակոչվում»,- հանրապետական զորահավաքակայանում ասել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Թեման՝ azatutyun.am, haynews.am կայքերում:
- «Զորակոչիկների մոտ՝ թե՛ կենտրոնական հավաքակայանում, թե՛ ծառայության ընթացքում հայտնաբերված հիվանդությունները բուժվում են պետպատվերի շրջանակներում, այնպես չէ, որ հիմա, եթե մի նորակոչիկի մոտ ժամանակավոր հիվանդություն հայտնաբերվեց, նա դուրս է մղվելու ուշադրությունից»,- հայտնել է Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Հայկ Հովսեփյանը:
- Ռիչարդ Կիրակոսյանը, անդրադառնալով բանակի թեմային, հայտարարել է, որ բանակի թերացումների հարցում հիմնական մեղքի բաժինն ընկնում է ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ուսերին, իսկ Պաշտպանության նախարարին պետք է աջակցել «որպեսզի վերջինս կարողանա մաքրել բանակը բռի սպաներից ու հրամանատարներից և բարեփոխումներ իրականացնի»: Կիրակոսյանը հավելել է, որ Հայոց բանակը տարածաշրջանում շարունակում է մնալ ամենալուրջ ռազմական ուժը:
- Ամփոփելով անցնող տարին՝ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ասել է. «Սպայակազմը պետք է ընկալի, որ անպատժելի չի մնա ոչ ոք: Իսկ ընթացիկ տարում մենք ձեռք բերեցինք սպառազինություն, որով չեզոքացրեցինք Ադրբեջանի ունեցած առավելութունը»: Թեման՝ henaran.am, tert.am կայքերում:
Տարածաշրջանային լուրերից.
- Էրդողանը հրապարակել է Ֆրանսիայի դեմ իրականացվելիք «պատժիչ» գործողությունների ցանկը՝ ի պատասխան Ֆրանսիայի ԱԺ-ի՝ այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման: Ըստ այդմ. «Չեղյալ են հայտարարվում համատեղ զորավարժությունները: Ֆրանսիական ռազմական ինքնաթիռներն, այսուհետ, ամեն թռիչքի համար պետք է առանձին-առանձին թույլտվություն ստանան: Այսուհետև մերժվելու են ֆրանսիական ռազմանավերի՝ թուրքական նավահանգիստներ մուտք գործելու բոլոր դիմումները»:
- Իսրայելի կառավարությունը արգելափակել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին հետախուզական համակարգեր մատակարարելու գործարքը, որի արժեքը շուրջ 140 մլն դոլար է:
- Թուրքիայի և Իսրայելի ՌՕՈւ հրամանատարությունը պայմանավորվել են վերականգնել համակարգման մեխանիզմը, որի նպատակն է կանխել միջադեպերը Միջերկրական ծովում: Իսրայելը մտադիր է հրավիրել թուրքական ՌՕՈւ ուժերին մասնակցել խոշոր ռազմաօդային զորավարժություններին, որ անցնելու են 2013թ.-ին: