Թուրքիան չի պատրաստվում մեծացնել իր զորքերի թիվն Աֆղանստանում․ ՊՆ

Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանը պաշտպանելու համար Թուրքիան լրացուցիչ զորք չի տեղափոխի Աֆղանստան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Լուրը հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն։ Այժմ Աֆղանստանում կա 500 թուրք զինվոր, ինչն, ըստ թուրքական կողմի, բավական է օդանավակայանի պահպանությունը պատշաճ իրականացնելու համար։ Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Աֆղանստանում թուրքական զորքերի մնալու հարցը դեռ քննարկման փուլում է։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆղանստանում իր զորքերը պահելու համար Թուրքիան ԱՄՆ-ի ֆինանսական և դիվանագիտական աջակցության կարիքը կունենա, եթե առարկություններ չլինեն, ինչպես նաև անհրաժեշտ կլինի համագործակցել Պակիստանի և Հունգարիայի զորքերի հետ։

Հավելենք նաև, որ շուրջ 20 տարվա ներկայությունից հետո նախատեսվում է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Աֆղանստանից, սակայն որոշ ժամանակ անհրաժեշտ է լինելու պաշտպանել Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանը։ Զորքերի դուրսբերման ֆոնին տարբեր երկրներ հույս ունեն իրենց ազդեցությունը տարածել երկրում։ Դրանց թվում է Թուրքիան, որը Համիդ Քարզայի օդանավակայանը պաշտպանելու առաջարկն արել է մայիսին ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *