Մինչև 2021–ի վերջ Ռուսաստանի ԶՈւ Արևմտյան ռազմական շրջանում կկազմավորվեն 20 զորամիավորում և զորամաս։ Ռուսական կողմը իր արևմտյան սահմանների ամրացումը հիմնավորում է ՆԱՏՕ–ի ակտիվության բարձրացմամբ։
Այս մասին մայիսի 31–ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Շոյգուն նաև հայտնել է, որ մինչև տարեվերջ ռազմական շրջանը ստանալու է մոտ 2000 միավոր նոր կամ արդիականացված զինտեխնիկա։
Նոր կազմավորվող միավորումներից մեկի՝ 18–րդ մոտոհրաձգային դիվիզիայի մասին ավելի վաղ արդեն կային տեղեկություններ։ Դիվիզիայի կազմավորումը նախատեսվում է ավարտել մինչև աշնան վերջ։
Նշենք, որ տեղակայման դիրքով պայմանավորված Ռուսաստանի ԶՈւ–ում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Արևմտյան և Հարավային ռազմական շրջաններին։ Ըստ 2019–ին ընդունած որոշման՝ այս երկու ռազմական շրջաններում ավելանում էր զինծառայողների քանակը մյուս ռազմական շրջանների հաշվին։
Ռուսաստանի զինված ուժերը բաղկացած է 4՝ Հարավային, Արևմտյան, Արևելյան և Կենտրոնական ռազմական շրջաններից և ռազմական շրջանի կարգավիճակ ունեցող Հյուսիսային նավատորմից։