Գեղարքունիքի մարզից 6 հայ զինծառայող է գերեվարվել. ՊՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել Ադրբեջանի ՊՆ-ն, որտեղ նշվում է, որ 6 հայ զինծառայող է գերեվարվել առավոտյան ժամը 03:00-ի սահմաններում: Ադրբեջանական կողմի պնդմամբ հայ զինծառայողներն այդ ուղղությամբ ականապատման աշխատանքներ անելիս են եղել:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, առ այսօր չի վերադարձրել նույնիսկ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից ընդամենը մեկ ամիս անց գերեվարված մեր զինծառայողներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *