Ռուսաստանը Տաջիկստանի ռազմաբազան կզինի «Վերբա» ԶՀՀ–ներով

Տաջիկստանում տեղակայած ռուսական 201-րդ ռազմաբազայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով Ռուսաստանը կմատակարարի նորագույն «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր:

Այս մասին հայտնում է ռուսական «Իզվեստիա» թերթը։

Ռազմաբազայի ուժեղացումը պայմանավորված է նաև սահմանակից Աֆղանստանից եկող ահաբեկչական սպառնալիքից։ «Վերբա» ԶՀՀ-ներն արդյունավետ են ցածր թռչող ուղղաթիռների և ինքնաթիռների, ինչպես նաև բարձր ջերմություն արձակող ԱԹՍ-ների դեմ պայքարում։

Նշենք, որ Տաջիկստանում տեղակայած ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազան ամենամեծն է։ Այստեղ հաճախ են անցկացվում հակահաբեկչական զորավարժություններ։ Հաշվի առնելով Աֆղանստանից եկող վտանգը՝ Ռուսաստանն անընդհատ զինում է ռազմաբազան տարբեր զինտեխնիկաներով։ Ռազմաբազան համալրվել էր նաև «Օրլան-10» ԱԹՍ-ներով։

Բացի, իր ռազմաբազան ուժեղացնելուց, Ռուսաստանը պարբերաբար զինտեխնիկա է նվիրում նաև Տաջիկստանին, օրինակ՝ Ս-300ՊՍ զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, որոնք տեղակայվել են Աֆղանստանի հետ սահմանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *