ՌԴ հարավում ուղղաթիռների հատուկ խմբեր կձևավորվեն

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում բարձր լեռնային և գիշերային պայմաններում գործելու համար կձևավորվեն մի քանի ուղղաթիռային էսկադրիլաներ։ Խմբերը կմասնագիտանան բարդ եղանակային պայմաններում լեռնային գոտում դեսանտ իջեցնելու և նրանց կրակային աջակցություն ցուցաբերելու մեջ։

Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։

Առաջինը նման պատրաստություն կանցնեն Բուդյոնովսկում և Զերնոգրադում տեղակայված ուղղաթիռային ստորաբաժանումները։ Մասնագիտացած ուղղաթիռային էսկադրիլաներում կլինեն ինչպես հարվածային Մի–28ՆՄ ուղղաթիռներ, այդպես էլ տրանսպորտային Մի-8ՄՏՇ–ներ։

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանը երկրի զինված ուժերի կարևորագույն զորամիավորումներից մեկն է։ Այս ռազմական շրջանը գրեթե միշտ առաջինն է ստանում տեխնիկական նորույթները, այս ռազմական շրջանում են փորձարկվում տարբեր մարտավարական մակարդակի նորամուծությունները։

2019 թվականին Ռուսաստանում որոշում ընդունեցին, որով Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում ավելանում էր զինծառայողների քանակը մյուս ռազմական շրջանների հաշվին։

2021 թվականի ապրիլին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ, հաշվի առնելով մերձկովկասյան և Մերձավոր Արևելքի շրջանում իրավիճակի սրման ՆԱՏՕ–յի փորձերը, մեծացնելու են ռազմական շրջանի մարտական ներուժը։

Հարավային ռազմական շրջանը տեղակայված է Ռուսաստանի հարավային և կովկասյան տարածքներում։ Ռազմական շրջանի կազմի մեջ են Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմաբազաները, Սևծովյան նավատորմն ու Կասպյան նավատորմիղը։ Ռազմական շրջանը ակտիվ ներգրավվածություն է ունեցել սիրիական պատերազմին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *