Ռուսաստանը և Սերբիան համատեղ զորավարժանքներ են անցկացնում

Մայիսի 20-ին Սերբիայում մեկնարկած ռուս-սերբական հակաահաբեկչական հնգօրյա վարժանքներին ներգրավված են երկու երկրների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Վարժանքներն անցկացվելու են մինչև մայիսի 25-ը։

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Մարտավարական վարժանքների ընթացքում իջեցվելու են դեսանտներ, խաղարկվելու է առաջխաղացում դեպի ապօրինի զինված խմբավորման օբյեկտ, դրա շրջափակում և ոչնչացում։ Ռուսական կողմից վարժանքներին մասնակցելու է Զինված ուժերի Արևմտյան ռազմական շրջանի 200 զինծառայող և 11 միավոր զինտեխնիկա։

Նշենք, որ 2020 թ․ սեպտեմբերին Բելառուսում անցկացված «Սլավոնական եղբայրություն-2020» զորավարժությանը պետք է մասնակցեր նաև Սերբիան, սակայն զորավարժության մեկնարկի նախօրեին Սերբիայի իշխանությունները հրաժարվեցին մասնակցությունից՝ պայմանավորելով դա տնտեսության վրա կորոնավիրուսային համաճարակի ազդեցությամբ և «ռազմական չեզոքության պահպանմամբ»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *