2011թ. առաջնագծում զոհվել է ԼՂՀ ՊԲ 11 զինծառայող, 34-ը՝ վիրավորվել է: Ամփոփելով տարին՝ հայտարարել է ՊԲ-ի հրամանատար Մովսես Հակոբյանը: Հայաստանի ու Հունաստանի միջև ռազմական համագործակցությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի: Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին:
- 2011թ. ՊԲ-ի՝ առաջնագծում գրանցված զոհերի քանակը նվազել է 23%-ով, վիրավորների թիվը` 30%-ով: Այսօր հայտարարել է Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ դժգոհ է բանակի կարգապահության աստիճանից, իսկ կատարված աշխատանքները դեռևս բավարար չեն: Նա հավելել է, որ բանակը համալրվել է նոր տեխնիկայով և սկսել են տանկեր ներկրել, որը կբարձրացնի բանակի պոտենցիալը: Թեման՝ azatutyun.am, news.am, panorama.am, panarmenian.net, haynews.am կայքերում:
- «Ադրբեջանը սպառել է միջազգային հանրության մոտ ունեցած վստահության պաշարը, և նրա՝ միջազգային հանրության աչքին «թոզ» փչելու քաղաքականությունն այսուհետ հեռանկարային չէ»,- անդրադառնալով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությանը՝ ասել է ԼՂ-ի ՊԲ- մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
- Բանակում կատարվածը արագ տարածվում է սոցցանցերով և ՊՆ-ն պետք է կարողանա նման պայմաններում արագ արձագանքի և ճիշտ աշխատի: Այսօր կայացած ասուլիսում հայտարարել են տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետներ Սամվել Մարտիրոսյանն ու Կարեն Վրթանեսյանը: Վերջինս նշել է, որ վտագավոր միտում է, երբ զինծառայողները նկարվում են զինտեխնիկայի հետ և նկարները տեղադրում սոցցանցերում՝ հաշվի չառնելով անվտանգության նկատառումները: Թեման՝ panarmenian.net, tert.am կայքերում:
- Հայաստանի ու Հունաստանի ռազմական համագործակցությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի: Հայտարարվել է՝ Սեյրան Օհանյանի և ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսի հրաժեշտի հանդիպման ժամանակ:
- ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են գերության մեջ գտնվող 3 հայ զինծառայողներին և 5 անդամից բաղկացած հայկական ընտանիքին: Նրանց առողջական վիճակից տեղեկություններ չեն հաղորդվում: Թեման՝ tert.am, panorama.am, panarmenian.net կայքերում:
Տարածաշրջանային լուրերից.
Թուրքիան ժամեր առաջ դադարեցրել է ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, Ռուսաստանը՝ հրաժարվել է Թուրքիայի հետ զորավարժություններից: Մյուս կողմից՝ խոսվում է Թուրքիայի և Իսրայելի ռազմաօդային համագործակցության վերսկսման մասին:
- Այսօր Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից «Ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» օրինագծի ընդունումից հետո Թուրքիան դադարեցրել է ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ: Ինչը նշանակում է՝ չեղյալ է հայտարարվել թուրքական օդանավակայաններում ֆրանսիական մարտական ինքնաթիռների վայրէջքի թուլատվությունը և նավատորմի կայանումը Թուրքիայի ափերի մոտ:
- Ռուսական նավատորմը չի մասնակցելու թուրքական նավատորմի հետ համատեղ զորավարժություններին: «Թուրրաշ-2011» զորավարժությունները հոկտեմբերին չեղյալ են հայտարարվել Թուրքիայի` իր տարածքում եվրոպական ՀՀՊ ռադարի տեղակայման որոշման պատճառով:
- Իսրայելն ու Թուրքիան որոշել են շարունակել մայիսի 31-ին «Ազատության նավատորմ»-ի միջադեպից հետո կասեցված ռազմաօդային համագործակցությունը։ Թուրքական լրատվամիջոցը՝ հղում անելով իսրայելական կողմի տարածած հայտարարությանը՝ գրում է, որ համագործակցությունն անհրաժեշտ է Միջերկրական ծովում հնարավոր բախումները կանխելու համար։