Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի ԶՈւ մասնակցությամբ զորավարժություն

Մայիսի 24-ից հունիսի 4-ը Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում անցկացվելու է “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական զորավարժությունը, որին ներգրավված են լինելու նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինվորականները։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ուշագրավ է, որ երեկ՝ մայիսի 20-ին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի հյուսիսային Գիրեսուն ծովափնյա նահանգում տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք է կատարել ադրբեջանական Մի-17 ուղղաթիռ։ Թուրք նահանգապետի խոսքով՝ ուղղաթիռի 6-հոգանոց անձնակազմը չի վնասվել, տարածքում թռիչք իրականացնող ուղղաթիռները երկուսն էին, դրանք ուղևորվում էին Մերզիֆոնի ավիաբազա։ Ուղղաթիռները, ամենայն հավանականությամբ, պետք է մասնակցեն հենց “Anatolian Phoenix-2021” զորավարժությանը։

Նշենք, որ “Anatolian Phoenix” զորավարժությունն անցկացվել է 2015, 2016, 2018 և 2019 թվականներին։ 2019-ին զորավարժությանը մասնակցել էր Ադրբեջանի օդուժի 2-ական միավոր Մի-35 և Մի-17 ուղղաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *