ԱՄՆ-ն զգուշացնում է ՀՀ և Ադրբեջան, Լեհաստանը՝ ՀՀ սահմանամերձ մարզեր ճամփորդելու մասին

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան՝ կորոնավիրուսի, իսկ Արցախ և դրան հարակից տարածքներ՝ անվտանգության պատճառով։ Բացի այդ, Պետդեպը խորհուրդ է տալիս չայցելել նաև Ադրբեջան՝ կորոնավիրուսով և ահաբեկչական վտանգով պայմանավորված։ Իր հերթին Լեհաստանը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանի Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք և Վայոց Ձոր մարզեր՝ Հայաստանի սահմաններին վերջին իրադարձությունները նկատի ունենալով։

Մասնավորապես, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը Հայաստան և Ադրբեջան ճամփորդողների համար նախազգուշացումը սահմանել է 4–րդ՝ ամենաբարձր աստիճանի։ Նշվում է, որ պատճառը երկրում կորոնավիրուսի տարածվածության շատ բարձր մակարդակն է, ԱՄՆ քաղաքացիների համար գործում են նաև ՀՀ և Ադրբեջան մուտքի սահմանափակումներ։

Խորհուրդ է տրվում է զգույշ լինել հայ–ադրբեջանական սահմանին կից ճանապարհներից օգտվելիս, քանի որ որ որոշ հատվածներ կարող են առանց նախազգուշացման հատել միջազգային սահմանները։ Դրանք կարող են վերահսկվել հսկիչ–անցագրային կետերով կամ առանց նախազգուշացման փակ լինել ճամփորդողների համար։

Միաժամանակ Պետդեպը հորդորում է չայցելել նաև Լեռնային Ղարաբաղ և դրան շրջապատող տարածքներ՝ ծավալված վերջին ռազմական գործողությունների պատճառով։ Նշվում է, որ 2020 թվականի ակտիվ մարտերից հետո էլ շարունակվում են կորուստներ գրանցվել։ Իսկ ԱՄՆ կառավարությունը ունակ չէ այդ և հարակից տարածքներում անվտանգության ծառայություններ ապահովել՝ սահմանափակ հասանելիությամբ պայմանավորված։

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ քաղաքացիները ահաբեկչական վտանգով պայմանավորված պետք է խուսափեն ադրբեջանաիրանական սահմանին մոտ տարածքներ ոչ հրատապ այցերից։

Նշենք, որ հուլիսյան բախումների ժամանակ և 2020–ի Արցախյան պատերազմից առաջ ԱՄՆ–ն կրկին հանդես էր եկել նախազգուշական հայտարարություններով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *