Ինձ համար բանակային 2 տարին անիմաստ չի եղել. Սպարտակ Կյուրեղյան

Ռազմինֆոն ներկայացնում է իր հարցազրույցների շարքը զորացրված երիտասարդների հետ։ Մեր զրուցակիցը բերձորցի Սպարտակ Կյուրեղյանն է։

— Երբ ստացաք զորակոչվելու ուղեգիրը, ինչպիսի՞ն էին տպավորությունները:

Արդեն գիտեի, որ գնալու եմ ծառայության։ Դե քանի որ բուհ էլ ավարտել էի, ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ ծառայության երկու տարին լինելու է դժվար, բայց հաղթահարելի։

Սպարտակ Կյուրեղյանը երդման արարողության ժամանակ

Սպարտակ Կյուրեղյանը երդման արարողության ժամանակ

— Քանի՞ տարեկան էիք, որ գնում էիք ծառայության։

19։ Ես բուհ եմ ընդունվել 15 տարեկանում։ Այնպես էլ չէր, որ տարիքային տարբերությունը շատ էր։

— Մասնագիտությամբ ո՞վ եք։

Ավարտել եմ Ֆրանսիական համալսարանի Կառավարման բաժինը, մասնագիտությամբ տնտեսագետ եմ։

— Ընտանիքում ինչպիսի՞ն էր իրավիճակը։

Ընտանիքում ամեն ինչ նորմալ էր։ Մայրս, պարզ է, ավելի դժվար էր տանում, իսկ հայրս՝ շատ հանգիստ։

— Ինչպիսի՞ խորհուրդներ են Ձեզ տվել մինչև ծառայության գնալը։

Ինչ ասես, որ չեն ասել։ Եվ ընտանիքը, և շրջապատը։ Խորհուրդներ կար, որ ավելի լավ է չտային։ Ծառայության առաջին օրը դա մի կողմ եմ դրել, նոր մտել։

— Իսկ ամենահիշարժա՞նը։

Պիտի իմանաս՝ ուր ես գնում, գիտակցում պիտի լինի։ Պիտի հասկանաս, որ գնում ես մի կառույց, որտեղ ամեն ինչ ղեկավարվում է վերևից։

— Բանակային առաջին օր։ Պիտի խնդրեմ երկու տարի մտովի հետ տեղափոխվեք։

Առաջին օրն ուշ հասանք, նույնիսկ մեզ համազգեստ էլ չէին տվել։ Մոտ 400 հոգի կանգնած էր համազգեստով ու ինչ-որ հրաման էր կատարում։ Տարօրինակ էր, բայց կամաց-կամաց այդ ամեն ինչը դարձավ առօրյա։

— Բանակում ամենաանհարմար զգացողոթյունը ո՞րն էր։

— Այնպիսի տեղ եմ ծառայել, որ կապի միջոցներ չկար, իսկ երբ ես գնացի ծառայության, համացանցի հետ սերտ ընկերներ էինք (ծիծաղում է)։ Ծանր էր սկզբում, ընթացքում թեթև էր։ Հասա նրան, որ հիմա էլ չեմ կարողանում համացանցին ընտելանալ։

— Միջավայրի ադապտացիան ինչպե՞ս էր։

Տարբեր ընտանիքներից դուրս եկած մարդիկ, իսկ այստեղ ուզած-չուզած բոլորի հետ շփվում ես։ Իհարկե, ամեն մարդու հետ էլ կարող ես շփման եզրեր գտնել, եթե մի թեմայով համակարծիք չէինք, ապա գտնում էին մեկ այլ ընդհանուր թեմա։

— Բանակում հրաման կատարելու բարդությունը ո՞րն է։

Սկզբում այլ կերպ ես ընկալում։ Երբ քեզ հրաման են տալիս, մտքերի մեջ ես ընկնում, «Վա՜յ, ես ինչ եմ դառնում» հետո երբ հասկանում ես, նորմալ է լինում։ Ընդունում ես որպես ավագ ընկերոջ ասած, չնայած հրամանատարը երբեք ավագ ընկեր չի դառնում, քանի որ միշտ հրանամատար-ենթակա հարաբերությունները պահպանվում է։ Եթե չպահպանվի, ապա դժվար կարողանա քեզ հրաման տալ։

Սպարտակ Կյուրեղյան

Սպարտակ Կյուրեղյան

— Ինչպիսի՞ն պիտի լինի հրամանատար-զինվոր հարաբերությունները։

Ես կարծում եմ, որ հրամանատարը առաջին հերթին պիտի զինվորից տարբերվի իր մասնագիտական հմտություններով։ Եթե ես 4 տարի ինչ-որ մասնագիտություն եմ սովորել ու դա տիրապետում եմ, ապա ինքն էլ ռազմական գործ է սովորել ու պիտի կարողանա դա սովորեցնի։ Սպայի մասնագիտական կարողություններն ավելի բարձր պետք է լինեն, քանի որ զինվորի մոտ միշտ հարցեր են առաջանալու ու դրանց պատասխանները նրանք են տալիս։ Չպիտի լինի նաև հակառակը, այսինքն՝ անդունդ առաջանա, որ չկարողանան իրար հետ շփվել։

— Ինչպե՞ս էր ձեզ մոտ ԱՀՏԱ գծով տեղակալների աշխատանքը։

Ես ծառայել եմ ուսումնական գումարտակում։ Մեզ մոտ 6 ամիսը մեկ գալիս էին նոր զինծառայողներ ու պետք է պատրաստեինք, սովորեցնեինք, որ գնային առաջնագիծ ծառայելու։ Մեր խնդիրը նրանց ամեն ինչին մոտիկից ծանոթացնելն էր։ Չեմ կարող ասել, որ իդեալական էր, բայց համենայն դեպս իմ աչքին դա նորմալ էր երևում։

— Շատ տղաներ բանակային երկու տարին կյանքի անիմաստ կորուստ են համարում, Դո՞ւք։

-Եթե այդ երկու տարիները համարես կորուստ, աննորմալ եմ համարում։ Կապ չունի, թե այդ տարիները որտեղ ես անցկացնում, կարող ես քաղել այն ամենը, ինչ քեզ պետք է։ Բանակում կարող ես գտնել շատ բան, օրինակ, կարող ես մարդկանց ավելի հեշտ ճանաչել։ Ինձ համար անիմաստ չի անցել այդ երկու տարին։ Օրինակ, կարող են գնալ Փարիզ երկու տարի, հետո փոշմանեն, ստացվի՞ կյանքից 2 տարի կորուստ է եղել։

— Բանակում ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել։

Շատ մեծ ձեռքբերում եմ համարում, որ սովորեցի կրակել։ Նախկինում էլ էի կրակել, բայց շաբաթը մեկ օր մենք հրաձգարան էինք գնում։ Կրակել իմանալը յուրաքանչյուր մարդու համար կարևոր է։ Ուսումնասիրեցի բանակային օրենսգրքերը, մարտավարությունը, կարծում եմ՝ այդ գիտելիքները կյանքում պետք կգան։

— Սնունդն ինչպե՞ս էր։

Շատ լավ։ Մեր ճաշարանը ՊԲ-ում մեծ համբավ ուներ։

— Ձեր ամենասիրած ուտելիքը ո՞րն էր։

Ոսպով և բրնձով ճաշը (ժպտում է)։

— Բանակում ի՞նչն էիք կարոտում ամենաշատը։

Մարդիկ կան՝ գալիս են ծառայության ու առավոտից սկսած բոլորին զանգում։ Ես տուն զանգում էի օրը մեկ, հետո անցա 4 օրը մեկ, հետո 7….մի օր էլ մերոնք զանգեցին, ասացին՝ դու ապրում ես (ծիծաղում է)։ Քանի որ ես հեռու եմ ապրել ընտանիքիցս, ինձ էդ ամեն ինչը հեշտ տրվեց։

— Ինչպե՞ս եք վերաբերում աղջիկների ծառայությանը։

Դրա մասին վերջերս եմ իմացել։ Մեզ մոտ հասնում էր միայն կարևոր լուրերը, դա էլ հասավ (ժպտում է)։ Նորմալ եմ վերաբերվում, քանի որ եթե մենք հավասար ենք, ապա դրանով էլ ենք հավասար։ Կարծում եմ՝ այդ խնդիրը առաջացել է, որովհետև այդ նույն ինստիտուտ դիմող տղաներն են քիչ։

— Հետբանակային ադապտացիան ինչպե՞ս եղավ։

Երբ դուրս էին գալիս, մտածում էի մի ուրախություն, «շորեր պատռել», բայց ճանապարհին քնեցի..Բերձորում հանգիստ էր, երբ առաջին օրը մտա Երևան, զգացի, որ օդը քիչ է։ Բայց հիմա սկսել եմ շարժվել այդ հունով։

— Մարդկային հարաբերություններում ադապտացիան ինչպես տրվեց։

Երբ նոր էի եկել, շատ էի նյարդայնանում։ Մարդիկ ինձ հարց էին տալիս, մտածում էի՝ ինչի համար է հարց տալիս..Կարո՞ղ է… հետո ինձ սովորեցրին, որ երբ մարդիկ հարց են տալիս, պետք է նորմալ պատասխանել։ Նորմալ չի՞ (ժպտում է)։

— Բանակում ի՞նչ կփոխեիք։

Պիտի ունենանք այնպիսի սպաներ, որոնք լիարժեք տիրապետում են իրենց գործին։ Բայց չեմ կարող ասել, որ նման խնդիր չկա նաև զինվորների շրջանում։ Պիտի հասկանան, թե ուր են գալիս։ Նախաբանակային տարիքում պետք է արթնացնել այդ գիտակցումը։ Երբ որ դիրքերում ես լինում երկու ժամ, հասկանում ես, որ այդ երկու ժամը պաշտպանում ես քո երկիրը։ Ու քեզնից լավ ոչ ոք չի պաշտպանում։

Պետք չէ նաև, երբ ինչ-որ մեկի ձեռքը քերծվում է, զանգեն տուն ու մամային պատմեն։ Պետք չէ սերիալային մակարդակի իջեցնել։ Քանի որ ես ջոկի հրամանատար էի, բոլորին զգուշացնում էի, որ նման բաներից ծնողների հետ չխոսել։

— Բանակում ազատ ժամանակը ինչպե՞ս էիք տնօրինում։

Երաժշտություն էի լսում, ֆիլմեր նայում։ Բանակում կան պայմաններ։ Այն, ինչ-որ լսել են մարդիկ դեռ 90-ականներից, չի համապատասխանում։ Հիմա ամեն ինչ կա։

— Բանակային կարգուկանոնից հիմա ի՞նչ է մտել Ձեր կենցաղ։

Դե մեզ մոտ ուտելը ռեժիմով էր, երբ եկա, եթե նույնիսկ չասեին ժամը 2-ն է, ես կիմանայի, քանի որ սոված եմ։ Շատ եմ նյարդայնանում նաև, երբ ինչ-որ մեկի հետ պայմանավորվում եմ ու իրենք ուշանում են։ Բանակում րոպեական ճշտություն էր, սովորել էի։

— Ի՞նչ խորհուրդ կտաք այն տղաներին, ովքեր գնում են ծառայության։

Ուզում եմ հասկանան, որ ծառայության ժամանակ իրենք են իրենց գլխի տերը։ Խորհուրդ կտամ միշտ գիտակցեն, թե ուր են գնալու ծառայության։ Գնում են պաշտպանելու ոչ թե ադրբեջանական հողեր, այլ մեր ազատագրած հողերը։

-Այն, որ դպրոցական քննությունների պատճառով զորացրումը ուշացրին, ի՞նչ էր կատարվում Ձեզ մոտ։

Դե զինվոր ես, ուզում ես շուտ գնալ։ Դե օրերը երկար էին թվում, բայց անցավ։ Հենց անցավ ծառայություն, այս երկու տարին վայրկյաններ են թվում։

— Բանակում ինչի՞ կարիք էիք զգում։

Ընկերներիս կարիքն էի զգում։

— Բանակից հետո ի՞նչ եք պատրաստվում անել։

Ինձ էլ է այդ հարցը հետաքրքրում։ (Մտածում է) Աշխատանք եմ փնտրում, հետո ուզում եմ ուսումս շարունակել։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *