Թուրքական «Աքսունգուր» ԱԹՍ-ներն նոր տարբերակները ավարտել են փորձարկումները

Թուրքական արտադրության «Աքսունգուր» կամ «ԱՆՔԱ-2» երկշարժիչ հարվածային անօդաչու թռչող սարքերի ավելի երկար թռիչքաժամանակով 5 նախատիպ ավարտել է թռիչքային փորձարկումները և շուտով կմատակարարվի բանակին։ Այս մասին հայտնել է այն արտադրող «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության գլխավոր ինժեներներից Ֆարուք Օղուզը։

Այս մասին հաղորդում է ռազմական հարցերով մասնագիտացած թուրքական Savunmasanayiist կայքը։ Ինժեները նշել է, որ «Աքսունգուր» ԱԹՍ-ներն իրենց հզորությամբ գերազանցում են «ԱՆՔԱ»-ներին։ Նշվում է, որ «Աքսունգուրի» այս տարբերակն ամբողջովին արտադրվել է ընկերությունում, օդում կարող է մնալ 55 ժամ։

Դեռ 2020 թվականին TAI–ն այս ԱԹՍ-ները դրել էր սերիական արտադրության, այն ժամանակ ԱԹՍ-ն օդում կարողանում էր մնալ մոտ 48 ժամ և նպատակ կար թռիչքի ժամանակը հասցնելու մինչև 55 ժամի։

«Աքսունգուր» ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Օգտակար բեռնատարողությունը՝ 700 կգ;
Թռիչքի բարձրությունը` ~6-7 կմ;
Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժամ;
Թևերի բացվածքը՝ 24 մ;
Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 3300 կգ;
Շարժիչի հզորությունը՝ 2×170 ձիաուժ;
ԱԹՍ–ն կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Ընկերությունն առաջարկում է ԱԹՍ-ի 4 կոնցեպտ՝ հիմնական, հարձակողական, ազդանշանների հետախուզման և ռազմածովային պարեկության։ Ըստ հայտարարված տվյալների՝ «Աքսունգուր» ԱԹՍ–ն յուրաքանչյուր թևին կարող է կրել 500 կգ, 300 կգ և 150 կգ զանգվածով երեք միավոր զինամթերք, կարող են տեղադրվել նաև LUMTAS, MAM-L, Cirit, MAM-C, HGK-3, KGK (82) հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *