Էրդողան. Երուսաղեմին ու Պաղեստինին աջակցելու ենք նույն վճռականությամբ, ինչ Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան սկսում է աջակցել Երուսաղեմում և Պաղեստինի քաղաքներում տեղի ունեցող վայրագությունների դեմ պայքարին այն վճռականությամբ, որով աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում»։

Այս մասին տեղեկանում ենք թուրքական պետական TRT Haber լրատվականից։ Այնուամենայնիվ, Էրդողանը չի մանրամասնել, թե ինչ միջոցներով է Թուրքիան պատրաստվում «աջակցել» իրավիճակի դեմ պայքարին։

Դեռ մայիսի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «արդեն բավարար չէ [Իսրայելին] միայն դատապարտելը, ժամանակն է միջազգային իրավունքի ուժով պաղեստինցիներին պաշտպանելու»։ Ըստ նրա՝ պաշտպանելու տարբերակներից մեկն է, օրինակ, միջազգային զորախումբ ուղարկելը։ Միաժամանակ Թուրքիայում ցույցեր էին ընթանում Գազա թուրքական զորախումբ ուղարկելու պահանջով։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ից իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը Գազայի հատվածում լարվել է և վերածվել 2014թ-ից հետո ամենամեծ կոնֆլիկտի։ Դրանից գրեթե երկու շաբաթ առաջ բախումներ էին սկսվել Երուսաղեմի հրեա և արաբ բնակչության միջև, որին նախորդել էր Իսրայելի որոշումը՝ վտարել Երուսաղեմի Շեյխ Ջառահ թաղամասում բնակվող պաղեստինցի ընտանիքներին։ Լարվածությունը աճեց մայիսի 10-ին․ այդ օրը Իսրայելում նշում են որպես «Երուսաղեմի օր», քանի որ 1967թ․ նույն օրը Երուսաղեմի արևմտյան մասը անցավ Իսրայելի վերահսկողության տակ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև մայիսի 10-ի ժամը 18։00-ը վերջնագիր էր ներկայացրել Իսրայելին՝ ոստիկանական ուժերը դուրս բերել Երուսաղեմի Տաճարի լեռան ու Շեյխ Ջառահ թաղամասերից և սպառնացել՝ ժամկետը լրանալուց հետո հրթիռային հարվածներ սկսել։

Անցնող օրերին կողմերը հրթիռային և հրետանային հարվածներ են իրականացրել, որի հետևանքով երկու կողմից էլ կան զոհեր ու մեծաթիվ վիրավորներ՝ հիմնականում քաղաքացիական բնակչության շրջանում։ Գազայի հատվածից հարվածներ են եղել Իսրայելի խոշոր քաղաքների ու բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Թել Ավիվի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվել նաև տնտեսական ենթակառուցածքներ։ Մայիսի 13-ին Իսրայելը հայտարարել է 9․000 պահեստազորայինի զորահավաքի մասին։ Իրավիճակը Գազայի հատվածում շարունակում է գերլարված մնալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *