Ռուսական պահեստամասերի պատճառով խորհրդային ՀՕՊ–ի շահագործման խնդիրները Ուկրաինայում

Խորհրդային տարիներին ստացած Ս-300 զենիթահրթիռային համակարգերը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարևոր բաղադրիչներից են։ Սակայն վերջին տարիներին դրանց նորոգման և շահագործման որոշ խնդիրներ կան, որոնք Կիևը մինչ օրս փորձում է լուծել անգամ մաքսանենգության ճանապարհով։ Նյութում Ս-300–ների օրինակով փորձել ենք հակիրճ ներկայացնել խորհրդային ՀՕՊ համակարգերի շահագործման խոչընդոտները և Ուկրաինայի ջանքերը դրանք լուծելու ուղղությամբ։

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ժառանգությունը ԽՍՀՄ–ից

Ուկրաինայի բանակի հաշվեկշռում ի թիվս այլ համակարգերի առկա են Ս-300Պ/ՊՍ/ՊՏ, «Բուկ», Ս-125, «Պեչորա», «ԶՈւ-23-2» ՀՕՊ միջոցներ։ Այս բոլոր համակարգերը խորհրդային արտադրության են և ժամանակ առ ժամանակ ունենում են պահեստամասերի թարմացման և նորոգման կարիք։

Ուկրաինական Defence Express մասնագիտացված հարթակի հաշվարկներով՝ Ուկրաինային ԽՍՀՄ–ից մնացել է 60 դիվիզիոն Ս-300 և այլ ՀՕՊ համակարգեր։ Դրանց մի մասի շահագործման ժամկետը 2013-ին մոտենում էր ավարտին, մյուս մասինն անցել էր, և խնդիրներ առաջացրել համակարգերի աշխատունակության հետ։

Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշեց արդիականացնել այդ համակարգերը և երկարացնել դրանց շահագործման ժամկետը։ 2013-ին ընդունված «Մինչև 2017 թ․ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի զենիթահրթիռային զորքերի մարտունակության վերականգման ծրագրով» նախատեսվել էր (էջ 26) Ս-300 համակարգերի նորոգում։

«առանց Ռուսաստանի», բայց Ռուսաստանից

Նորոգման հարցում ուկրաինացիները սկսեցին բախվել դժվարությունների, որոնցից ամենախնդրահարույցը որոշ պահեստամասերի, մասնավորապես՝ կլիստրոնների ձեռքբերումն էր։ Դրանք գերբարձր հաճախականության էլեկտրավակուումային սարքեր են, որոնց դերն առանցքային է հրթիռների արձակման համար։ Սակայն այս պահեստամասերն արտադրում են միայն ռուսական ընկերությունները։

2014–ին  Ղրիմի և Դոնբասի շուրջ ծագած կոնֆիկտի հետևանքով Ուկրաինայի և ՌԴ հարաբերություններում ստեղծված լարվածությունը անհնարին դարձրեց կլիստրոնների ձեռքբերումն անմիջապես ռուսական ընկերություններից։

Այդ պատճառով Ուկրաինան փորձում է դրանք ձեռք բերել միջնորդավորված՝ խորհրդային զինատեսակներ ունեցող այլ երկրներից: Տարբեր պահեստամասերն այլ երկրների միջոցով ձեռքբերելիս Ուկրաինան հաճախ ստիպված է լինում շատ ավելի թանկ վճարել։

Ելքեր փնտրելով՝ Ուկրաինան իր քաղաքացիների միջոցով փորձում է ապօրինի պահեստամասեր ձեռք բերել Ռուսաստանի տարածքից։ Այս փորձերը քանիցս կասեցրել են Ռուսաստանի իրավապահ մարմինները (1234

Ավելին՝ Ռուսաստանից կլիստրոն են ձեռք բերել նաև ուկրաինացի ընդդիմադիր գործիչներ Սեմյոն Սևինչենկոն և Եվգենիյ Շևչենկոն, փորձել դրանք թանկ գնով վաճառել պետական ձեռնարկությունների։ Նրանք ձերբակալվել են 2021 թվականի մարտին։

Սա նմանատիպ գործով Ուկրաինայում միակ աղմկահարույց բացահայտումը չէ։ Դեռ մեկ տարի առաջ՝ 2020–ի հուլիսին, Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն (ՀՊԲ) խուզարկել էր ռազմաօդային ուժերի որոշ ստորաբաժանումներ և առգրավել 7 կլիստրոն։ Դեպքը երկրում բուռն արձագանք էր ստացել, ՀՊԲ-ին քննադատել էին պետական գաղտնիք բացահայտելու և պետության անվտանգությունը վնասելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կլիստրոնները վերադարձվում են զորամասեր։

եղունգ ունես, գլուխդ քորիր

Միաժամանակ Ուկրաինան աշխատում է նաև Ս-300-ների համար կլիստրոնները սեփական ուժերով նորոգելու և արտադրելու ուղղությամբ։ Այդ հարցում մասնագիտացած է ոլորտում մենաշնորհ ունեցող «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի մաս կազմող «Գեներատոր» գործարանը։

Այս տարվա մարտի 25-ին «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնը հայտարարեց, որ «Գեներատոր» գործարանը ստացած նորագույն սարքավորումների միջոցով արդեն «կարող է հիմնովին նորոգել Ս-300 համակարգերի համար նախատեսված ԿԻՈւ-43 կլիստրոնները»։ Բացի այդ, «Գեներատոր»-ը դեռ 2020–ի աշնանը հայտարարել էր, որ աշխատում է կլիստրոնների սեփական արտադրության վրա։

Ուշագրավ է, որ լուրը համընկավ «Ուկրоբորոնսերվիս» ձեռնարկության (այն ևս «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնի կազմում է) և դրա աշխատակիցների տների խուզարկության հետ․ կասկածներ կային, որ պահեստամասերն իրականում միջնորդավորված ձեռք են բերվել Ռուսաստանից։ Ընկերությունն այդ ժամանակ երկու կլիստրոն էր ստացել վերանորոգելու նպատակով։


Անկախացումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ուկրաինայի համագործակցությունը հաջորդ տարիներին օրակարգ մտցրեց կառույցին անդամակցելու և բանակն ապախորհրդայնացնելու հարցը։ Այս գործընթացն առավել ինտենսիվացավ 2014 թվականի ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին։ Սակայն հարկ է նշել, որ առկա խորհրդային զինատեսակների ամբողջական փոխարինումը բարդ գործընթաց է, որը կարող է տևել տասնյակ տարիներ։ Չնայած Կիևի՝ հին զինատեսակները նորոգելու, արդիականացնելու կամ փոխարինելու, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից էլ նորերը գնելու ջանքերին, միևնույնն է դեռ երկար ժամանակ երկիրը ստիպված է օգտագործել իր բանակի հաշվեկշռում առկա զենքերը։ Սակայն սա էլ «փրկություն» չէ Ուկրաինայի համար․ մատակարարման անհնարինությունը էլ ավելի է մեծացնում ձգտումը ազատվել ռուսական զինատեսակներից կախվածությունից։ Իսկ մինչ այդ, ԵԱՀԿ ամենօրյա մշտադիտարկումները արձանագրել են, որ ուկրաինական Ս-300–ները մարտական հերթապահություն են իրականացնում նաև Դոնբասի ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *