Պետք է սիրելի դարձնել տեսակդ. կայացավ Դուշմանին նվիրված ֆիլմի պրեմիերան

«Մի օր բողոքեցի որդուս, ասացի` մի աղջիկ չկա փաթաթվի քո վզով, երեխա ունենաս: Դեպքից հետո էլ էի սպասում, որ մեկը կգա ու ինձ կխաբի, թե Վարդանից հղի եմ: Որդիս թևիցս բռնեց, տարավ 5-րդ հարկի պատուհանի մոտ ու ասաց`«Նայի՛ր, մամա՛, նայիր այս երեխաներին, ես թուրքի երեխաներին եմ փրկել թուրքից, հիմա իմ ազգին կոտորում են: Ուրիշի երեխաներ չկան: Այս երեխաները բոլորը մերն են»,- հիշում է Դուշմանի մայրը` տիկին Զարիկը:

Դուշման Վարդանի մայրը` տկն Զարիկը

Դուշման Վարդանի մայրը` տկն Զարիկը

Երեկ` հուլիսի 16-ին, ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանի «Վարդանի հետ» ֆիլմի պրեմիերան էր: ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի շենքում հավաքվել էին Դուշման Վարդանի ընտանիքը, մարտական ընկերները, երիտասարդներ, որոնց համար Վարդանը կյանքի ու ապագայի խորհրդանիշ է:

Դուշման 3

Հուշ-երեկոյի առաջին մասում երգ-երաժշտություն էր: Վարդանին նվիրված երգեր, նրա մասին պատմություններ, հիշողություններ:
Հանդիսատեսի մեծ մասը երիտասարդներ էին: Ու երբ Գուսան Հայկազունի «Պատերազմ եք գնում» երգը հնչեց` դահլիճում ծայր առավ Մշո Խըռռը: Ոտքի յուրաքանչյուր զարկ, յուրաքանչյուր երիտասարդի «հե՜յն» ու «Վարդանի արյունը» հավաստում էին, որ Վարդանը կենդանի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում ու նրա ոգով դաստիարակվում են սերունդներ:

Դուշման 2

Երեկոյի երաժշտական մասից հետո 41 րոպե տևողությամբ ֆիլմի ցուցադրությունն էր: Ռեժիսորը կապել էր իրար Վարդանի անցյալը, ապրած կյանքը, ներկան ու ապագան: Ապագա, քանի դեռ նրան հիշում են ընտանիքում, քանի նրա պատգամներով ու դասերով շատերը ուղի են հարթում: Ֆիլմում Վարդանի ընտանիքն էր, մարտական ընկերները, հենց ինքը Վարդանը` մանուկ հասակից մինչև հասուն մարտիկ:

Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչու ռեժիսորը որոշեց Դուշմանի մասին ֆիլմ նկարել, Ռազմիկ Գրիգորյանը պատասխանեց. «Դուշման Վարդանով հետաքրքրվում եմ արդեն 7 տարի: Նա գաղափարախոսություն կրող մարդ էր, իսկական հերոս, մարդասեր, երբ պատրաստ ես թշնամուդ երեխաներին կերակրել: Իմ հիմնական շարժիչ ուժը նրա մարդասիրությունն է եղել: Ինձ պետք էր ձև գտնել, թե ինչպես պատմեմ, որ կերպարը ամբողջանա»,- նշեց ռեժիսորը:

ռեժիսյոր Ռազմիկ Գրիգորյան

ռեժիսյոր Ռազմիկ Գրիգորյան

Դուշմանի քույրը` Արմինե Ստեփանյանը, Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը հենց իրենց առօրյան էր:

«Կրկին հպարտացա, որ այսպիսի լավ երիտասարդներ ունենք: Ֆիլմում ոչ մի ավելորդ բան չկար, ոչ մի խոսք: Հիանալի երիտասարդներ ունենք` ավելի նրբազգաց ու նրբանկատ: Այսօր ևս մեկ տոն էր` վիշտ էր հպարտությունով շաղախված: Պետք է սիրելի դարձնել տեսակդ: Ոգին է պետք պահել: Երբ երիտասարդն է արտահայտում քո հոգու ցավը, քեզ նման է մտածում»,- ֆիլմից անմիջապես հետո իր տպավորություններից խոսեց Արմինե Ստեփանյանը:

Արդեն 21 տարի է` Վարդանը չկա: Նա մեզ հետ չէ ֆիզիկապես…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *