Ուկրաինան շարժիչներ կմատակարարի թուրքական T-929 «Աթաք»-2 ուղղաթիռների համար

«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության տնօրեն Թեմել Քոթիլը CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ համաձայն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ստորագրված համաձայնագրի՝ Ուկրաինան մատակարարելու է թուրքական ծանր դասի T-929 «Աթաք»-2 ուղղաթիռների շարժիչները։

Թեմել Քոթիլը շեշտել է, որ 2500 ձիաուժ շարժիչով T-929 «Աթաք»-2-ը կշռելու է 11 տոննա և կարողանալու է տեղափոխել 1500 կգ զինամթերք։ Ուղղաթիռի առաջին թռիչքը նախատեսվում է 2023 թվականին։

Հիշեցնենք, որ «Աթաք»-2 ուղղաթիռների ուկրաինական շարժիչներ ունենալու մասին TAI ընկերության տնօրենը հայտարարել էր դեռ այս տարվա մարտի 14-ին, թեև ավելի վաղ պնդում էին, որ ուղղաթիռն ամբողջությամբ լինելու է թուրքական արտադրության։

Հավելենք, որ սա Թուրքիայի և Ուկրաինայի առաջին համագործակցությունը չէ շարժիչների արտադրության ոլորտում։ Դեռ 2019 թ․ օգոստոսին Bayraktar ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Բայքար» և ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունների միջև ստորագրվել է պայմանագիր, որով բացվելու էր «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն։ Նախատեսվում էր, որ ընկերությունն առաջինը կարտադրի «Բայքար» ընկերության «Աքընջը» հարվածային ԱԹՍ-ի շարժիչներ։

Ընկերության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչն այդ ԱԹՍ-ի վրա փորձարկվեց 2019թ. նոյեմբերին։ 2020 թ․ հուլիսին հայտնի դարձավ, որ կողմերը նախատեսում են սկսել նաև Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրություն։ Ենթադրվում էր, որ այդ դեպքում ևս շարժիչը կարող է լինել ուկրաինական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *