Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020–ին ավելացել են, Հայաստանինը՝ նվազել․ SIRPI

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է զեկույց, ըստ որի Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 17 տոկոսով՝ կազմելով ՀՆԱ–ի 5.4 տոկոսը։ Հայաստանի ռազմական ծախսերը նվազել են 2.6 տոկոսով, որը կազմել է ՀՆԱ–ի 4.9 տոկոսը։

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՆԱ–ի համեմատ ռազմական ծախսերով Ադրբեջանն ու Հայաստանը համապատասխանաբար 6 և 8–րդ հորիզոնականում են իրենց 5.4 և 4.9 տոկոս ցուցանիշով։ Այս առումով առաջատարը Օմանն է, որը ռազմական ոլորտում ծախսել է ՀՆԱ–ի 11 տոկոսը։ Իսկ նախորդ տարվա ցուցանիշներով Ադրբեջանը ռազմական ոլորտում ծախսել էր ՀՆԱ–ի 4 տոկոսը, Հայաստանը՝ 4.9 տոկոսը։

Ադրբեջանը 2020թ․ պաշտպանության ու ազգային անվտանգության համար ընդունել էր 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 271 մլն ԱՄՆ դոլար՝ 2019–ի նոյեմբերի փոխարժեքով ) հատկացնելու օրենք, ինչը 2019 թվականի ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի էր 20.9 տոկոսով։

Սակայն 2021 թվականի փետրվարին հրապարակված 2020 թվականի բյուջեի կատարողականից պարզ է դառնում, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 4 մլրդ 426,8 մլն մանաթ (~2 մլրդ 604 մլն ԱՄՆ դոլար՝ փետրվարի 10-ի փոխարժեքով), ինչը ~12,9 տոկոսով ավելի է 2019թ. հաստատված բյուջեի պաշտպանական ծախսերից և ~14 տոկոսով էլ ավելի է 2020թ. ընթացքում կորոնավիրուսի հարուցած վնասների պատճառով կրճատված բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերից։

Նշենք, որ 2019 թվականին նույնպես Ադրբեջանի ռազմական ծախսերը գերազանցել էին բյուջեով հաստատվածից։

Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմական ծախսերին, նշենք, որ որոշվել էր 2020 թվականի համար պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 307 մլրդ 236 մլն դրամ, որից ռազմական պաշտպանությանը՝  302 մլրդ 877 մլն դրամ (~644 մլն դոլար 2020թ․ դեկտեմբերի փոխարժեքով): Հաստատված բյուջեն 3 մլրդ դրամով ավելին էր, քան նախորդ տարվա ռազմական բյուջեն։ Սակայն 2020 թվականի բյուջեի կատարողականի ամբողջական հաշվետվությունը այս պահին անհասանելի է, ուստի դեռ հնարավոր չէ ստանալ վերջնական պատկեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *