Ազատամարտիկներն արդեն երկու ամիս է, ինչ նստացույց են անում Ազատության հրապարակում։ Նշենք, որ հունիսի 7-ի առավոտյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր նստացույց անող ազատամարտիկների ներկայացուցիչներին` պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ: Քննարկումից հետո վարչապետը մեկ ամիս ժամանակ էր խնդրել հարցին ավելի հանգամանալից ծանոթանալու և լուծումներ գտնելու համար։
Այսօր՝ հուլիսի 16-ին, Ռազմինֆոյի հետ զրույցում ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը նշեց, որ բողոքի ակցիան շարունակվել է այս օրերի ընթացքում։ «Մենք ուզում ենք ուշադրության կենտրոնում պահել այս հարցը։ Արդեն մեկ ամսից ավել է՝ սպասում ենք»,- նշեց Մելիքբեկյանը։
Վոլոդյա Ավետիսյանի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ հանդիպումը կլինի վաղը՝ երեկոյան 18։00-ին։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս ազատամարտիկների շահերը ներկայացնելու է հինգ հոգանոց խումբը՝ Վոլոդյա Ավետիսյանի ղեկավարությամբ։
Արդեն չորրորդ օրն է, ինչ ազատամարտիկ ընկերներին է միացել նաև Խաչիկ Ավետիսյանը։ Նա հացադուլ է հայտարարել և 24 ժամ գտնվում է Ազատության հրապարակում։
«Ես անձնական պահանջներ չունեմ։ Բայց կներկայացնեմ իմ պահանջները հուլիսի 18-ին՝ վարչապետին հանդիպելուց հետո»,- ասաց Խաչիկ Ավետիսյանը։