ԱՄՆ-ն շարունակելու է ԱՄԷ-ին 23 մլրդ դոլարի զենքի վաճառքի ծրագիրը

Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը Կոնգրեսին տեղեկացրել է, որ շարունակելու է Արաբական Միացյալ Էմիրություններին շուրջ 23 մլրդ դոլարի զենքի վաճառքի ծրագիրը, որը ներառում է F-35 ինքնաթիռներ, զինակիր անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ։

Այս մասին հայտնում է միջազգային Reuters լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ 23,37 մլրդ դոլար արժողությամբ փաթեթը ներառում է General Atomics, Lockheed Martin և Raytheon Technologies ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրած 50 միավոր F-35 Lighting II կործանիչ ինքնաթիռ, մինչև 18 միավոր MQ-9B անօդաչու թռչող սարք, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տեսակի զինամթերք:

Դեռևս անցյալ տարի Reuters լրատվականը գրում էր, որ ԱՄԷ-ին F-35 կործանիչներ վաճառելու գործարքը պետք է համապատասխանեցվի Իսրայելի հետ ամերիկյան համաձայնագրին, ըստ որի՝ տարածաշրջանին վաճառված ԱՄՆ ցանկացած զենք չպետք է սպառնա Իսրայելի որակական ռազմական առավելությանը՝ երաշխավորելով, որ Իսրայելին մատակարարված ամերիկյան զենքը «հնարավորություններով գերազանցում է» հարևան այլ երկրներին վաճառված զենքին:

Ուշագրավ է, որ ԱՄԷ-ին զինամթերքի վաճառքի փաթեթը ընդունվել էր 2020 թ․ սեպտեմբերին Միացյալ Նահանգների միջնորդությամբ Էմիրատների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթի ստորագրումից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *