Ուկրաինայի ցամաքային ուժերի հրամանատարն այցելել է թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններ

Ուկրաինան շարունակում է զինված ուժերի կարիքների հետագա բավարարման համար անօդաչու հարվածային համակարգերի ամենաարդյունավետ մոդելը որոնել`Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական ընկերությունների միջև համագործակցության միջոցով։ Այս մասին Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։

Ըստ Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հանրային կապերի ծառայության տարածած հայտարարության՝ գեներալ-գնդապետ Սիրսկին այցելել է Թուրքիայի ցամաքային ուժերի ավիացիոն հրամանատարության թռիչքների պլանավորման և համակարգման կենտրոն (Kara Havacılık Komutanlığı Uçuş Planlama ve Koordinasyon Merkezi), ցամաքային ուժերի 1-ին բանակ, ինչպես նաև ռազմարդյունաբերական Aselsan և Roketsan ընկերություններ։

«Մենք արդեն զգալի առաջընթաց ենք արձանագրել ցամաքային զորքերը ժամանակակից զինտեխնիկայով և զենքով ապահովելու հարցում, բայց մեզ համար չափազանց կարևոր է ուսումնասիրել և յուրացնել նորագույն տեխնոլոգիաների օգտագործման հաջող փորձը: Ի վերջո, սա է ռազմական գործողությունների ընթացքում հաջողության հասնելու հիմքը»- նշել է Ա․ Սիրսկին։

Ukrainian Military Pages կայքի փոխանցմամբ՝ թուրքական ռազմարդյունաբերական Aselsan ընկերություն կատարած այցի ընթացքում Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է նաև Aselsan Ukraine* ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեթ Օզգյուչլուին, ով տեղեկացրել է ընկերության կողմից հակաօդային պաշտպանության, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի, RWS մարտական մոդուլների և տանկերի արդիականացման լուծումների մասին, որոնք արդեն իսկ շահագործում են Թուրքիայի զինուժն ու դաշնակից այլ զորքեր:


*Aselsan Ukraine-ը թուրքական Aselsan ռազմարդյունաբերական ընկերության մասնաճյուղն է Ուկրաինայում, որը պաշտոնապես բացվել է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին։ Ընկերության նպատակն է ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության հետ, համատեղ հետազոտությունն ու առաջադեմ համակարգերի արտադրությունն Ուկրաինայում, ինչպես նաև դրանց արտահանումն այլ երկրներ: Ընկերությունը 100%-ով պատկանում է թուրքական Aselsan-ին։


Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Սիրսկին ավելի վաղ հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարին, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, նախատեսվում է նաև նրա այցը Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարան (Milli Savunma Üniversitesi)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *